Մայր Աթոռը կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։

Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։

Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։




Լրահոս