Քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ. Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել
ողջամտությամբ և սառնասրտությամբ:

ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:

ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:

Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:




Լրահոս