ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն այսպես կարելի է բնութագրել դատավոր Կարինե Գալֆրեդի Պետրոսյանին` դատական համակարգում ամենաերիտասարդ եւ ամենատարօրինակ դատավորներից մեկին, ով հաճախ առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով եւ ճշմարտության բացահայտման մեթոդաբանությամբ, ինչը պարտադիր պայման է ցանկացած դատավճիռ կայացնելիս, այլ յուրատեսակ համակրանքներով ու հակակրանքներով, «ինչ-որ տեղերից» եկող հրահանգներով: Պարզվում է, որ նա նաեւ «ալերգիա» ունի լրատվամիջոցներից, քանի որ թերթերի դեմ ներկայացվող բոլոր հայցադիմումները նրան են տրվում` համոզված, որ այս դատավորը կկայացնի այն դատավճիռը, ինչը սրտահաճ կլինի հայցվոր կողմին: Կյանքի մեծ ու երկար ճանապարհ չի անցել 1975 թվականին Արթիկում ծնված Կարինե Պետրոսյանը, ով, ավարտելով Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1995-ից մինչեւ 1998 թվականն աշխատել է «Արմենիա» հյուրանոցային համալիրում որպես իրավախորհրդատու: Դրանք այն տարիներն էին, երբ նոր-նոր սեփականաշնորհված «Արմենիա»-ի տերերն իրար հետեւից ազատում էին աշխատակիցներին, առանց հիմնավորումների` մարդկանց գրեթե փողոց նետում, երբ շատերը կորցնում էին իրենց նախկին աշխատատեղերն ու փոխադրվում ցածր վճարվող աշխատանքների: Անհաղորդ բազմաթիվ հուզումներին ու բողոքներին` իրավախորհրդատու Կարինե Պետրոսյանը պաշտպանում էր  «հղփացած» սեփականատերերի բոլոր անօրինական հրամաններն ու որոշումները` օրենքը ծառայեցնելով մի խումբ մարդկանց շահերին: 1999թ-ից մինչեւ 2002 թվականն էլ եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ, վարել փաստաբանական գործունեություն: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երիտասարդ փաստաբանը գրեթե ոչ մի գործ չի շահել, ոչ մի անգամ նրա պաշտպանյալները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված իրավունքներից: Որքան էլ դատավորները վատ ու սուբյեկտիվ լինեին, այնուհանդերձ, պիտի հնչեր փաստաբանի խոսքը` թեկուզ «ձայն բարբառո յանապատի»: Սակայն փաստաբանների շրջանում այն տպավորությունն էր, որ Կարինե Պետրոսյանը շատ ավելի հակված էր դեպի դատավորները, քան իր պաշտպանյալները: Սա, իհարկե, մեր փաստաբանական դպրոցի հիմնական «սկզբունքներից» մեկն է, ինչն էլ հաճախ վարկաբեկում է պաշտպանների ինստիտուտը: 2002-ին շատ կարճ ժամանակով` փետրվարից մինչեւ սեպտեմբեր, Կարինե Պետրոսյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետի պաշտոնը: Սեպտեմբերի 9-ից էլ նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր: Այս դատարանում բավական երկար է մնացել 27 տարեկանում դատավոր նշանակված Պետրոսյանը: Սա պետք է բացատրել այն հանգամանքով, որ անվճարունակության մասին գործեր մեր դատարաններում չափազանց քիչ են քննվել, այդ համակարգը հիմնականում  մատնվել է պարապության: Կարինե Պետրոսյանը 2008 թվականից մինչեւ 2009 թվականն աշխատել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր: Իսկ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սա Կարինե Պետրոսյանի գործունեության «ամենաբեղմնավոր» շրջանն է, երբ իրար հետեւից սկսեց կայացնել խայտառակ դատավճիռներ, որոնց մասին հանրությունը ոչ միայն խոսեց, այլեւ ըմբոստացավ` տեսնելով, թե ինչպես է դատավորը «բաց աչքերով» նայում օրենսգրքերին եւ կայացնում անհեթեթ, ճշմարտությունը շրջանցող վճիռներ: Ժամանակ առաջ մամուլը գրեց. «Դատավոր Կարինե Պետրոսյանի` «Հրապարակ» օրաթերթի վերաբերյալ կայացրած որոշումն աննախադեպ է, անիրավաչափ եւ չի բխում ՀՀ օրենսդրությունից»: Իսկ դատավճիռը ծնվել էր այն առիթով, որ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր այցելել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը եւ տեղեկացրել, որ նրանց գույքի վրա արգելանք է դրված, եւ թերթին արգելվում է այդ գործի վերաբերյալ տեղեկություններ տարածել: Իսկ նման որոշման առիթը եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ օրաթերթի: Ենթադրվում է, որ հայցի պատճառը Մարտիրոսյանի գործունեության վերաբերյալ «Հրապարակ»-ում տպագրված մի քանի հոդվածներն են: Կարինե Պետրոսյանը նույն այն դատավորն է, որը երեք օլիգարխ-պատգամավորների` Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի ու Լեւոն Սարգսյանի հայցի հիման վրա այս տարվա փետրվարի 7-ին վճիռ կայացրեց «Հայկական ժամանակ»-ի դեմ, ըստ որի` օրաթերթն օլիգարխներից յուրաքանչյուրին պետք է վճարի 2 միլիոն 44 հազար դրամ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ հաշվված րոպեների ընթացքում ավարտվեց դատական նիստը, որտեղ պետք է քննվեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Այստեղ եւս դատավորը Կարինե Պետրոսյանն էր, ում շնորհիվ գործը մի քանի րոպեում կարճվեց: Կարինե Պետրոսյանն օրերս մի նոր «գլուխգործոց» արձանագրեց` այս անգամ  աննախադեպ խայտառակ վճիռ կայացնելով ընդդեմ ավելի քան 1 տարի լույս չտեսնող «Հայք» օրաթերթի: Դատարանը բավարարել է Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ «Հայք» օրաթերթի խմբագրության եւ նախկինում այդ թերթի (այժմ` lragir.am կայքի եւ «Ժողովուրդ» օրաթերթի) թղթակից Արման Գալոյանի: Որպես երկրորդ պատասխանող էր ճանաչվել լրագրողի տեղեկատվության աղբյուրը` Սվետլանա Առաքելյանը, որն էլ հարցազրույց էր տվել թերթին իր ամուսնու սպանության վերաբերյալ:Օստապ Բենդերը նման դեպքերում կասեր` ծափեր պետք չեն… Լաց լինել է պետք, որ մեր դատական համակարգում նման դատավորներն են վճիռներ կայացնում` հարկատուների հաշվին ամսական ստանալով 800 հազար դրամի չափ աշխատավարձ…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս