«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն միեւնույն ժամանակ այն համարում են մեր երկրի ներքին գործը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից եւ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա:
Ժողովուրդը այդպես չի ցանկանում, բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որեւէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»:
Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ասել, թե անհանգստությամբ եւ ուշադրությամբ են հետեւում այստեղ տեղի ունեցող զարգացումներին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։