Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեցին։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձևի դրույթները»,-նշեց Հախվերդյանը։

Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։

FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։

Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։

«Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,-նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից։




Լրահոս