Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը փետրվարի 27-ին կհանդիպեն Մոսկվայում:
«Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Այդ ձևաչափով հանդիպումը կանցկացվի երրորդ անգամ։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանի իրադարձությունների պատճառով գուցե հայկական կողմը ցանկանա հետաձգել հանդիպումը։ «Մեր պլաններին դա չի խանգարի։ Մենք հստակ պատկերացումներ ունենք տարածաշրջանի զարգացման վերաբերյալ՝ դա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև կամուրջների ստեղծում է», – ասել էր Իլհամ Ալիևը։
Երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում տնտեսական հարցերով և տրանսպորտային կարգավորումներով։ Աշխատանքային խումբը կազմվել է համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հունվարի 11-ին ստորագրված հայտարարության։
Այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների խաթարման վտանգ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Կրեմլի խոսնակը նշել է, որ չնայած Հայաստանի իրադարձություններին՝ կարևոր է գնալ Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: