ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՉԳԻՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ կառավարության շենքի մոտ Զվարթ Կիրակոսյան անունով մի տիկին, հեռախոսով խոսելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության աշխատակցի հետ, վիճաբանում էր: ՌՈ աշխատակիցներից Վարդան Ղուկասյանը, տիկնոջ փոխանցմամբ, իրեն ասել էր, թե ինքը մայր կոչվելու իրավունք չունի, ինչի պատճառով տիկինը վրդովվել էր:   Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում ծառայող Սուրեն Կիրակոսյանն այժմ գտնվում է Շուշիի բերդում, քանի որ երբ արձակուրդ էր եկել, հիվանդ էր եղել եւ մայրը` տիկին Զվարթը, արգելել էր նրան զորամաս վերադառնալ: Երեկ նա իր քայլը կրկին բացատրում էր նույն բառերով. «Արձակուրդ եկած տղուս տարա բժշկի, տեսա` առողջական խնդիրներ ունի, ասի բուժեմ, նոր ուղարկեմ: Բռնին, երեխուս տարան բերդ: Ես էլ ասում եմ` իմ էրեխուն բուժե՛ք, չե՞ք կարում, թողե՛ք` ես տանեմ, բուժեմ»:Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Արամ Տեր-Սահակյանից: Պարոն Տեր-Սահակյանը նշեց, որ իրենք քաջատեղյակ են տիկին Զվարթի եւ իր որդու հետ կատարվածի մասին. «Մենք իրար լավ ճանաչում ենք: Առաջին օրը չէ, որ մենք շփվում ենք: Միշտ էլ տիկնոջն աջակցել ենք, եւ վերջին անգամ, երբ, եթե գիտեք, եթե ոչ, իր տղան մեկ տարով դատապարտվեց զորամասն ինքնակամ լքելու համար, հետո ինքն իր պատիժը կրեց, իր զորամասը փոխեցինք ու սկսեց ծառայել… Հետո նա ասաց, որ ուզում է` իր որդուն քաղաքացիական բժիշկները հետազոտեն, մենք հասկացանք եւ աջակցեցինք, արձակուրդ տվեցինք: Բայց նա գնաց ու չէր գալիս ծառայության: Գիտեք, նա մայր է եւ կարող է նման բան ասել, թե իր որդին հիվանդ է, եւ թույլ չտա վերադառնալ զորամաս, բայց դե մենք օրենքով ենք  աշխատում»:Տեր-Սահակյանը նշեց, որ երեկ` «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, իրենք հանդիպել են տիկին Զվարթի հետ, եւ վերջինս խոստացել է որդուն կրկին ծառայության ուղարկել. «Ռազմաբժշկական փորձաքննություն կանցկացվի` պարզելու համար, թե իրականում զինվորը հիվանդ է, թե ոչ»:Իսկ մեր այն հարցին, թե ինչու է ռազմական ոստիկանության աշխատակիցը տիկին Զվարթին ասել, թե ինքը մայր կոչվելու իրավունք չունի, Տեր-Սահակյանն ասաց. «Գիտեք ի՞նչ, ես այսօր տեսել եմ ձեր հրապարակումը, եւ դրա համար մենք զրուցեցինք տիկին Զվարթի հետ: Վարդան Ղուկասյանն իմ աշխատակիցն է, եւ ես նրա հետ էլ եմ խոսել, եւ ինքն ասում է, որ կնոջը չի ասել, թե ինքը մայր կոչվելու իրավունք չունի: Տիկինն էլ ասաց, որ մի քիչ էմոցիոնալ է եղել, ես ձեզ ասում եմ՝ մենք  իրար հետ արդյունավետ համագործակցում ենք, ես ձեզ ասում եմ՝ մենք միշտ նրան ընդունել ենք, խոսել ենք եւ ամեն ինչով փորձում ենք օգնել»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու հենց կառավարության շենքի մոտ տիկին Զվարթին զանգահարեց Վարդան Ղուկասյանը, ի՞նչ էր համոզում նրան, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետն ասաց. «Ես մանրամասները չգիտեմ»:Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս