Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է տարածել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

ժոզեֆ Սիգելեն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների»,- նշել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Նրա գնահատմամբ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ «Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»,- շեշտել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար ժոզեֆ Սիգելեն:




Լրահոս