ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ. իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Ըստ այդմ՝ 2020թ. արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է՝ 2019թ. համեմատ: 2020թ. վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը, 2019թ. համեմատ, նվազ է 155-ով:
Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների եւ դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ. է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը՝ 2020թ., նախորդող տարվա համեմատությամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել եւ ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:
Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միեւնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: 2020թ. տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, ինչպես նաեւ տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա:
Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետեւելով տնտեսական գործունեությանը խոչընդոտելու հնարավոր դրսեւորումներին, թույլ չտալով որեւէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:
Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք, ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:
Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջեւ խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը եւ, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:
Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերեւույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսեւորած առերեւույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:
Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջ:
ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք եւ սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ»,- փոխանցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլեւ քաղաքացիները, որոնք իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը: Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։ Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրական է եւ չի ճանաչում ազգություն: Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաեւ տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը եւ նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՎԹԱՐԻ ՓԱՍՏՈՎ
Նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 32-ամյա Արթուր Դիդյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գորիս ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ եւ բախվել Գորիսի բնակիչ, 34-ամյա Սուրեն Ադունցի վարած Opel Astra մակնիշ ավտոմեքենային։ Նշված ավտոմեքենաները բախվել են Սիսիանի բնակիչ, 48-ամյա Վարուժան Աբգարյանի վարած ԽՈՎԸի մակնիշի ավտոմեքենային ու հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։ Վթարի հետեւանքով Nissan-ի ուղեւորներ, Երեւանի բնակիչ, 27-ամյա Գեւորգ Բագրատունյանը, Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Ավետիսյանն ու Opel-ի վարորդ Ս. Ադունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաեւ Ճանկաթաղ, Մոխրաթաղ եւ Մաղավուզ համայնքների մոտակայքում։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի եւ Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։
ՃՅՈՒՂԵՐ ԵՆ ԿՏՐԵԼ, ՀԱՏՈՒՄՆԵՐ ԱՐԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար, 2020թ. հունիսի 11-ին այդ բնակավայրի աղբահանությունը կազմակերպելու համար, աղբավայրի տարածքը վայրի աճած ծառերից մաքրելու նպատակով նույն բնակավայրի բնակիչներ Մխիթար Ալլահվերդյանի եւ Արամ Լալայանի միջոցով բենզասղոցի գործադրմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքից իրականացրել է ընդհանուր 46 հատ կանգուն ծառերի աճի դադարեցման աստիճանի հատում՝ պետությանը պատճառելով 762 հազար դրամի վնաս։ Լեւոն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ իրենց գյուղը աղբավայր չուներ, 2020թ. հունիսին Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները չէին թողնում, որպեսզի Ներքին Կարմիրաղբյուրի աղբատար մեքենաներն աղբը թափեն Վ. Կարմիրաղբյուրին պատկանող աղբավայրում՝ ասելով, որ թափված աղբից քշվող ցելոֆանները վնասում են իրենց այգիները։ Այդ պատճառով Ն. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարը ադրբեջանական մարտական հենակետից 100 մ հեռավորությամբ աղբավայր է բացել: Լ. Առաքելյանի խոսքով՝ ինքը կարծել է, որ այդ տարածքը չեզոք գոտի է, հետո GPS-ով պարզել են, որ ՀՀ տարածք է։
Նա ասաց, որ աղբավայրի տարածքում ծառեր չեն եղել, այլ թփեր. աղբավարի համար տարածք բացած երիտասարդներ Մխիթար Ալլահվերդյանը եւ Արամ Լալայանը ծառեր չեն հատել, այլ 3-4 սմ տրամագծով ճյուղեր։ Արծվաբերդի անտառտնտեսությունն այդ պատճառով Լ. Առաքելյանին տուգանել է 762 հազար դրամի չափով, եւս 500 հազար դրամ նա վճարել է դատարանում իր փաստաբանի ծառայությունների համար։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ ինքը պարտավորվել է հատված ճյուղերի փոխարեն 120 հատ ծառ տնկել, 3 տարի դրանց խնամքն իրականացնել, սակայն գործը դատարան են ուղարկել։ Աղբավայրի տարածքում վայրի աճաճ ճյուղերը հատելու կապակցությամբ ոստիկանություն է դիմել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Նորայր Պապյանը։ Լ. Առաքելյանը հայտնեց, որ այդ տարածքում Արծվաբերդի անտառտնտեսությունը ծառերի հարյուրավոր հատումներ է կատարել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ