Շախմատի ֆեդերացիայի նախագահի անփույթ վերաբերմունքը ոլորտի հանդեպ և Արոնյանի անպատասխանատու պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության եւ հրաժարվելու է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց։

Լեւոն Արոնյանի մեկնաբանությամբ ինքն ընտրության առջև էր կանգնած՝ թողնել կյանքի գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ իրեն գնահատում են, իսկ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարի, իր համար, նշել է, մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է։

Ստացվում է, որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը չկարողացավ ոլորտն այնպես համակարգել, որպեսզի ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ինչպիսին է Լևոն Արոնյանը, չլքի սպորտի այն ճյուղը, որով որ Հայաստանը առաջատարներից մեկն է աշխարհում: Արոնյանի կորուստը Հայաստանի համար մեծ է, որովհետեւ ինքն այդ սպորտաձեւի այն դեմքերից է, որ կարողանում էր վեր պահել հայկական դրոշը: Շախմատի ֆեդերացիայի նախկին ավանդույթները ոչ միայն չպահպանվեցին, այլեւ նահանջեցին: Նախկինում շախմատը պետական հոգածության ներքո էր. ոչ վաղ անցյալում շախմատը պետական մեծ ուշադրության էր արժանանում, անգամ շախմատը մտավ հանրակրթական ուսումնական ծրագրում:

Իսկ հիմա ոչ միայն որեւէ հոգածություն չկա ոլորտի հանդեպ, այլեւ արձանագրում ենք կորուստներ: Գուցե գնահատում են, բայց այնքան անփույթ վերաբերմունք ցույց տվեցին, որ այդ ոլորտի նշանավորներից մեկը լքում է Հայաստանը եւ այլեւս չի ներկայացնելու միջազգային մրցաշարերում:

Սակայն մյուս կողմից, հարկ է նշել, որ վայել չէ Լևոն Արոնյանի պես շախմատիստին, ելնելով քաղաքական անհամաձայնություններից եւ այլեւայլ անհարմարություններից, լքել երկիրը եւ հրաժարվել ազգային դրոշից․ չէ որ նման շախմատիստն ունի ոչ միայն պատասխանատվություն իր ընտրած սպորտաձեւի, այլեւ իր երկրի եւ հայրենիքի հանդեպ: Բայց, ցավոք, երկրի համար նման ծանր ճգնաժամային իրավիճակում, Արոնյանը երկրի հանդեպ իր պատասխանատվությունից որպես սպորտսմեն հրաժարվեց:

Հ.Գ. Ի դեպ, Արոնյանի որոշմանն անդրադարձել է նաեւ իմքայլական պատգամավոր Մ. Հայրապետյանը. «Պետք է ասեմ, որ Շախմատի ֆեդերացիայի՝ ամիսներ շարունակ տևած, շարունակվող քայլերի, պրոֆեսիոնալ աշխատանքի առաջիկայում կբացվի Շախմատի վարպետների բարձրագույն դպրոց: Մեր լեգենդար շախմատիստը նշում էր, որ վերաբերմունքը շախմատի ու շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է: Այո, իսկապես տարբերվել է, 2019-ից հետո շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին՝ պարգևավճարների, լրավճարների իմաստով՚:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս