Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սպասարկել է 1528 ընտանիքի եւ կատարել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում։ Այս մասին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք ծրագիր։
1-ին ծրագրով միանվագ եւ երկարաժամկետ հատուցումներ են տրամադրում զոհված եւ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
2020թ. 44-օրյա պատերազմից հետո, բացի հիմնական ծրագրից, հիմնադրամն իրականացնում է եւս երկուսը, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
«Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամություն եւ կարգ ստանում, մինչեւ նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն եւ անցնեն փորձաքննության, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների։
Երկրորդ ծրագիրը վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքներին: Քանի որ անհայտ կորածը իրավական կարգավիճակ է, եւ միայն դատարանը կարող է նման կարգավիճակ տալ, ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեն այդ ընտանիքները փետրվարի 10-ից հետո դիմել դատարան եւ հայցել, որ դատարանն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա, քանի որ սա եւս որոշակի ժամանակահատված է պահանջում, այս ընթացքում՝ եւս 6 ամսով»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր սպասարկում է 1528 ընտանիքի եւ կատարել է շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։
«Վերջին պատերազմից հետո՝ մինչեւ այս պահը, մենք ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք, այդ թիվը մտնում է 1528 ընտանիքի կազմում։ 1111 ընտանիքի համար կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը:
Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ապա այս պահին հիմնադրամում 55 շահառու կա։ «Ծանր վիրավորումների եւ խեղումների ցանկը սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ 17 մլն դրամի չափով նրանց 300 000 դրամ է ամսական վճարվում։ Անցյալ շաբաթ կառավարությունը որոշում ընդունեց, որով այդ ցանկին ավելացան այն զինծառայողները, որոնք ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռեւս չեն ստացել զինհաշմանդամություն։ Տարբերությունն այն է, որ քաղաքացիական հաշմանդամություն ստանալու պարագայում անձը համարվում է հաշմանդամ եւ օգտվում է պետական բյուջեով նախատեսված որոշակի նպաստներից, իսկ զինհաշմանդամի տարբերությունն այն է, որ ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից հաստատվում է պատճառահետեւանքային կապը իր հաշմանդամության կամ վիրավորման եւ մարտական գործողությունների ժամանակ այդ վիրավորումը կամ խեղումը ստանալու հանգամանքը»,- ասել է Վ. Ավետիքյանը:
Ըստ Վարուժան Ավետիքյանի՝ հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճար է ստացել, աշխարհի ավելի քան 60 երկրից 9 միլիարդից մի քիչ պակաս նվիրաբերություն, որից շուրջ 7,5 միլիարդը՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու կարող է համարվել այն անձը, որը մասնակցել է մարտական գործողություններին եւ վիրավորումը ստացել է մարտական հերթապահություն իրականացնելու, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով։
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռազմական եւ արտակարգ դրությունը խնդիրներ է ստեղծում համայնքների համար: Բանն այն է, որ այսօրվանից, օրինակ, համայնքապետեր ու ավագանու անդամներ չունեն Դիլիջան, Տաթեւ, Թումանյան համայնքները: Նրանց լիազորությունների ժամկետն արդեն սպառվեց, իսկ համավարակի ու ռազմական դրության պայմաններում նոր ընտրություններ չեն կարող անցկացվել: Բանն այն է, որ գործող օրենքով վարչապետը կամ մարզպետը կարող են նշանակել համայնքապետի պաշտոնակատար, մինչեւ ընտրություններ լինեն, սակայն ավագանու կազմում նման փոփոխություններ լինել չեն կարող: Օրինակ, Թումանյան համայնքը նախորդ տարվանից ավագանի չունի, այսօրվանից էլ՝ համայնքի ղեկավար, իսկ դա նշանակում է, որ այս տարվա բյուջեն նրանք չեն հաստատել, նախորդ տարվա բյուջեի չափն են հիմք ընդունել:
Նշենք նաեւ, որ Տարածքային կառավարման նախարարությունն օրեր առաջ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որն էլ պետք է կանոնակարգի այս ոլորտը: Եվ նախագծով նախարարությունն առաջարկում է ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգել մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը: Սակայն այս նախագիծը դեռեւս իրավական փորձաքննության փուլում է, եւ դեռ ժամանակ է պետք, որպեսզի այն օրենք դառնա, եւ անհայտ է, թե մինչ այդ ինչ է լինելու այս համայնքների հետ:
ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանից ԼՂ է ուղեւորվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը: «Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի եւ սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ, սալիկներ, փայտանյութ»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Եվգենի Գորելովը: Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը բաղկացած է 6 բեռնատարներից:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոկտեմբերից մինչեւ տարեվերջ Հայաստանի ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել են ճանապարհային երթեւեկության կանոնների մի շարք խախտումներ Արցախից Հայաստան եկող ճանապարհներին։ Կազմվել են արձանագրություններ եւ դրանք ուղարկվել հասցեատերերին՝ առաջացնելով Արցախի բնակիչների դժգոհությունը: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներն արձանագրում է լուսանկարահանող եւ տեսանկարահանող սարքերի միջոցով, հետեւաբար տեղում որոշել, թե խախտումներից որն է քաղաքացին ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում գործել, որը՝ անզգուշությամբ կամ դիտավորությամբ, հնարավոր չէ, ուստի արձանագրվել են բոլոր խախտումները. պարզաբանում է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Կարեն Վարդանյանը։ Խախտման ակտերը ստացած քաղաքացիների մի մասն արդեն հասցրել է բողոքարկել, մյուսները տեղյակ չեն, շատերը սպասում են ընդհանուր որոշման։
Հոկտեմբերից մինչեւ հունվարը ներառյալ Արցախի փոստում 10 հազարից ավելի ակտեր են ստացվել, դրանց մեծ մասը հասել են հասցեատերերին, բայց մոտավորապես 15-20 տոկոսը հետ է վերադարձվելու, քանի որ տեղահանված բնակիչներին է ուղղված, իսկ շատերի բնակության հասցեն անհայտ է։
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 2020թ. հոկտեմբերի 1-ին Վանաձոր քաղաքի «Ֆուտբոլի ակադեմիայի» մոտ գտնվող փոստային բաժանմունքի ետնամասում 18-ամյա երիտասարդը անչափահաս բարեկամի եւ համաքաղաքացու միջեւ նախկինում տեղի ունեցած տարաձայնությունները պարզաբանելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր հետ նախապես վերցրած դանակով երեք անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Վանաձոր քաղաքի 18-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: