Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների գործեր:
Փետրվարի 27-ին Մինսկի «Վերխնի գորոդ» համերգասրահում տեղի կունենա «Սրբազան սեր երաժշտության հանդեպ» խորագրով համերգը, որին կհնչեն Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Ավետիսյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն բազմաթիվ միջազգային մրցույթների եւ փառատոնների դափնեկիր երաժիշտներ:
Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թվականներին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Հոգու երաժշտություն» խորագիրը, եւ անցավ մեծ հաջողությամբ: 2018 թվականի դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում երգչուհին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:
ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, սահմանել է անձնական ռեկորդ: 36-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել A Սերիայում հանդես եկող բոլոր թիմերին, որոնցից վերջինը «Կրոտոնեն» էր: Ռոնալդուն այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 25-ի: Նա նման ցուցանիշ է գրանցում 14-րդ մրցաշրջանում անընդմեջ: Պորտուգալացի հարձակվողն այդ շարքը սկսել է 2007/08 մրցաշրջանից, երբ հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխությունից հետո Ռոնալդուն 70 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում:
ՀՆԱՐԱՎՈՐ ԾԱԽՍԵՐ
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի ծախսել 852 միլիոն եվրո: Այդքան գումար կպահանջվի, եթե Արքայական ակումբը 6 տարվա պայմանագիր կնքի 2 հարձակվողների հետ: Նրանց տրանսֆերների համար «Ռեալը» պետք է վճարի մոտ 300 միլիոն եվրո: 6 տարում մադրիդցիները 21-ամյա ֆրանսիացուն կվճարեն 432 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ 20-ամյա նորվեգացուն՝ 120 միլիոն: Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 21 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Հոլանդը «Բորուսիայում» անցկացրած 25 խաղերում խփել է 27 գոլ եւ կատարել 7 գոլային փոխանցում:
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին պատմել է, որ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել մանկությունում: «11 տարեկանում կարիերաս սկսել եմ ՊՍԺ-ի ակադեմիայում, սակայն շուտով ստացա ազդրի վնասվածք: Եղավ վիրահատության անհրաժեշտություն, ինչի պատճառով ստիպված էի երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցում: Մի անգամ բժիշկն ասաց, որ այլեւս երբեք չեմ կարողանա խաղալ ֆուտբոլ, ինչպես նաեւ կարող է լինել ոտքս հեռացնելու անհրաժեշտություն: Ի ուրախություն ինձ՝ նման բան չեղավ: Որոշ ժամանակ անցկացրեցի անվասայլակի վրա: Շատերը մտածում էին, որ այլեւս չեմ կարողանա վերադառնալ ֆուտբոլ, սակայն ես չէի կորցնում հավատը: Մոտ 1.5 տարի խաղացել եմ ազդրի ցավով, սակայն կարողացա հաղթահարել դա, իսկ հետո դառնալ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մենդին 2019-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 20 հանդիպման եւ խփել մեկ գոլ: