ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ռուսական կողմը երեկ ամեն կերպ կշտամբում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող հայտարարությունների համար, պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը փորձում է պետական գաղտնիքի անվան տակ պատերազմին վերաբերող այլ հանգամանքներ թաքցնել: Նախ՝ ամեն ինչի մասին սկզբից. 23-ի երեկոյան՝ «Առաջին լրատվական»-ի եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչու «Իսկանդերը»  չի պայթել, կամ ինչու է այն պայթել, օրինակ, 10% -ով»։ Եվ, ահա, այս հայտարարությանն անդրադարձ եղավ ամենատարբեր մակարդակով։ «Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»» ,- ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольскав правда»-ին։ Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը եւ ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կա՛մ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կա՛մ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյոք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

Իսկ հիմա անդրադառնանք մեկ այլ հետաքրքիր հանգամանքի. այդ հարցազրույցում եղան հայտարարություններ, որոնք ուղիղ պատասխան էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը փորձում է արդարացնել վերջինիս հարցադրումը, թե ինչու «Իսկանդեր»-ը չի կիրառել, սակայն փորձում է խնամքով թաքցնել նրա մեկ այլ հարցադրումը, թե ինչու է պատերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոն ձեռք բերվել:  Բանն այն է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։  «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»: Այսինքն՝ պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարել եւ, ըստ էության, կարեւոր տեղեկություն թաքցնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախից հետեւողական լուրեր են հասնում, որ Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն ինքնաբուխ է որոշել Արցախում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, անգամ չի խորհրդակցել, թե արդյոք անհրաժեշտ է Արցախում ռուսերեն լեզուն դարձնել որպես պաշտոնական լեզու: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կամ ում է հաճոյանում՝ առաջ ընկնելով հայերեն լեզուն ստվերելու իր պաշտոնական քայլով: «Իհարկե, որպես թիմակիցներ, իրավաբանների, մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք»,- հայտարարեց Հարությունյանը: Մեր դիտարկմանը, թե Հարությունյանն այդ փոփոխությունը համաձայնեցրել է արդյոք ռուսական կողմի հետ, պատգամավորն ասաց. «Մենք տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք, արդյոք ունեն նման խնդիր շփվելուց, թե չէ, նաեւ փորձառու իրավաբանների հետ ենք քննարկել, թե արդյոք պետական կամ պաշտոնական լինի, արդյոք հակասահմանադրական է, թե ոչ, մենք քննարկումներ ունեցել ենք, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նամակագրությունը խնդիր է ռուսերեն լեզվով, թե չէ, ու համապատասխան պատասխաններ ենք ստացել, որոնք մեր որոշման մեջ հիմք են հանդիսացել»: Ի դեպ, Արցախի կառավարությունը դեռեւս այս նախաձեռնությանը չի արձագանքել։ «Դեռ չկա կառավարության եզրակացությունը»,-եզրափակեց Հարությունյանը: Նկատենք, որ Հարությունյանը չհերքեց, որ ինքնագլուխ է որոշել ռուսերենը դարձնել 2-րդ պաշտոնական լեզուն Արցախում, որը միանշանակ չի ընդունվել անգամ վիրավորված, բայց վերակենդանացող Արցախում։

 

 

 

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Նրանք ցանկանում են օրենքով ամրագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են զենք ունենալ՝ ակոսափող որսորդական հրազենի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրազեն կրելու իրավունքի ձեռքբերման հարցով պատգամավորներին դիմել են հենց սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա, բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է, այլ նաեւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահության զգացումը: Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է. «2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվում են նոր սահմաններ, եւ, այդ փաստով պայմանավորված, առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվի նոր խմբագրությամբ, որով ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռք բերումը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված, որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված եւ փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով»: Իսկ թե ինչպիսի նոր պատուհաս կդառնան օրինական կարգով գյուղացիներին հասանելիք զենքերը, ժամանակը ցույց կտա։

 

 

 

 

Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առեւտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչեւ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով։ Հայաստանում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ. մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի են վերածում։ Բայց դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել Հայաստան ներկրվող բենզինի շուկայի վրա. «Ռեգուլյար»  տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 410 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից, անդրադառնալով բենզինի թանկացմանը, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Մեզանից չէ կախված, ընդհանուր շուկայի արժեքները փոխվում են, եւ մենք նոր արժեքներն ենք ներկայացնում: Այո՛, նաեւ կապ ունի դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»:




Լրահոս