«ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ». Գ. ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր գյուղում 367 բնակչից այժմ գյուղում ապրում է 220-ը: Գյուղապետ Գուրգեն Զաքարյանի խոսքով՝ մարդիկ մի քանի տարի առաջ են դուրս եկել գյուղից: Այժմ գյուղի տղամարդիկ մորթում են վերջին անասունը, տոմս գնում եւ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանի հետ:

 

-Պարո՛ն Զաքարյան, տեղյա՞կ եք, որ ցույցեր, քայլերթեր են լինում Երեւանում:

-Իհարկե տեղյակ եմ:

-Գյուղը որքանո՞վ է մասնակից տեղի ունեցող այս իրադարձություններին:

-Գյուղը Երեւանից 85-90 կմ հեռավորության վրա է գտնվում, ժողովուրդն ամեն ինչից «կուրսի է», այսօր ինչ որ մենք տեսանք, իհարկե կողմնակից ենք:

-Դուք ինքներդ ուզո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

-Ես Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունեմ, բայց, որպես համայնքի ղեկավար, կուզեի մեր վարչապետը լիներ շատ պատրաստված, հաղթանակ տարած: Իսկ այս խայտառակ պարտությունը, որ մենք տարանք, այսքան զոհեր, այսօր մենք, բնականաբար, կուզենայինք հաղթող վարչապետ ունենալ:

-Իսկ Սուսերի բնակիչներն ի՞նչ են ասում, ի՞նչ կարծիք ունեն:

-Բնակիչներն այսօր իրենց աշխատանքով են: Ձեզ պարզ ասեմ՝ ես ոչ մեկի վրա չեմ ազդում, ագիտացիա չեմ տանում՝ գնան ցույցերի մասնակցեն, թե չգնան. դա իրենց իրավունքն է, ոնց կորոշեն, թող այդպես էլ վարվեն:

-Բայց մասնակցողներ կա՞ն:

-Ես անձամբ մասնակցում եմ:

-Դո՞ւք…

-Այո, ես փետրվարի 20-ին եմ մասնակցել:

-Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյա՞կ են, որ Դուք ցույցերի եք մասնակցում, ինչպե՞ս են վերաբերվում:

-Ինչո՞ւ պետք է տեղյակ պահեմ: Այսինքն՝ ինձ պետք է թո՞ւյլ տան՝ ես գնամ, թե չգնամ: Այսինքն՝ մարզպետը ինձ պետք է թո՞ւյլ տա՝ ես գնամ, թե ոչ: Ի՞նչ է, հաշվետո՞ւ եմ, ինչ եմ… Ես իմ հայրենիքի համար եմ գնում, այսօր բոլորս էլ ուզում ենք լավ ապրել: Ոչ մի խառնվել, ոչ մի ահազանգ չենք ունեցել, ես 62 տարեկան մարդ եմ՝ հոգով սրտով դաշնակցական, երեք պատերազմի մասնակից եմ եղել:

-Որեւէ նկատողություն չե՞ք ստացել մարզպետարանից ցույցերին մասնակցելու համար:

-Եթե ինքը փորձի ինձ նկատողություն տալ, վատ կվերջանա: Այսինքն՝ իմ իրավունքների վրա ինքը կարող է արգելք դնե՞լ: Ես չեմ գնացել Վազգեն Մանուկյանին պաշտպանելու, ինձ ճիշտ հասկացա՞ք Դուք, ես ուզում եմ՝ իշխանափոխություն լինի, գան նոր ուժեր, որ այսօր մենք գոնե մեր հայրենիքի սահմանները պահենք:

-Պարո՛ն Զաքարյան, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս տարիների ընթացքում ի՞նչ է արել գյուղի համար: 

-Եթե նախկին իշխանությունների ժամանակ մենք ստանում էինք աշնանացան ցորեն՝ հաջորդ տարի քաղելուց հետո հետ վերադարձի պայմանով, ապա երկու տարվա ընթացքում մենք ոչ մի սերմացու ցորեն չենք ստացել: Անցյալ տարի եղել է մասնավոր ներկրող, գյուղացիները իր հետ պայմանագիր են կնքել եւ ցորեն են գնել: Եթե Գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղի վիճակն ի՞նչ կլինի: Մոտ 40 տուն գյուղում փակ է, չեմ կարողանում պլանները կատարել, հողի, գույքի հարկի հավաքագրումները դժվարությամբ են արվում:

-Ասում եք՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ եք, իսկ ո՞ւմ եք տեսնում:

-Երեւի ուրիշ ուժեր կգան, ինձ թվում է: Ես պատերազմում պարտված ղեկավար չեմ ուզում: Առաջ ինքը քայլում էր ժողովրդի մեջ, հեծանիվով ազատ շարժում էր քաղաքում, իսկ երեկ 3000 ոստիկանի ուղեկցությամբ մտավ կառավարության շենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, որի համաձայն` ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են:

 

Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է «Վեդոմոստի»-ն՝ հիշեցնելով, որ 2016 թվականին այլ պետությունների շարքում Հայաստանն առաջինն է ստացել «Իսկանդեր» համալիրները, որոնք նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթում: «Այդ սպառազինումը Հայաստանը ձեռք է բերել՝ ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի, ինչպես նաեւ մինչեւ 500 կմ հեռավորությամբ գտնվող թիրախների ոչնչացումն է: Հայաստանի զինանոցում ընդգրկված է «Իսկանդեր» համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ»,- ընդգծել է պարբերականը:

Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է նաեւ «Գազետա»-ն՝ շեշտելով, որ նման մեկնաբանությամբ վերջինս պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ տված հարցին, թե ինչու պատերազմական գործողություններում չեն կիրառվել ռուսական «Իսկանդեր» համալիրները:

«Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի մասին Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել է նաեւ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիշատակելով, որ «Իսկանդերի» կիրառման մասին նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, սակայն չէր նշել, թե որ ուղղությամբ է կիրառվել համալիրը: «Վարչապետն ուղղակիորեն չի հայտարարել համալիրների կիրառման մասին եւ ոչ մի կերպ չի բացատրել իր խոսքերը»,- նկատում է «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ «պայթել են միայն 10 տոկոսով» արտահայտությանը:

«Իսկանդեր» համալիրի արդյունավետության վերաբերյալ Փաշինյանի հայտարարած կասկածին անդրադառնալով՝ «Ինտերֆաքս» գործակալությունը նույնպես մատնանշել է, որ այդ համալիրները ցուցադրվել են 2016 թվականի ռազմաշքերթի ժամանակ, ինչպես նաեւ հիշեցրել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ «Իսկանդեր» համալիրը գործարկվել է Հայաստանի կողմից պատերազմի վերջին օրերին Շուշի քաղաքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված արդյոք, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը գուցե հասցեագրված է նաեւ ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա եւ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպես էլ է լինում արդյոք, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ. 80-ականների զենք էր գուցե»:

 

 

 

ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊԱՏՈՎ ԵՆ ՏՎԵԼ

Արդեն երկու օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շատ թեժ վիճաբանել են: Այնքան լարված է եղել իրավիճակը, որ այն վերածվել է ծեծկռտուքի: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանը հարվածել է Իշխան Սաղաթելյանին, ու վերջիններս այժմ միմյանց հետ որեւէ շփում չունեն: Ու նշվում է նաեւ, թե դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանն արդեն երկու օր է՝ չի մասնակցում ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթերին: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները: «Նման ինֆորմացիա տարածողները գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը: Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է, որեւէ տարաձայնություն մեր մեջ առհասարակ չկա, բացի այն, որ մենք ընկերներ ենք, նաեւ քաղաքական համախոհներ ենք, թիմակիցներ ենք, ու նման «ֆեյք» լուրերով անհնար է մեզ գժտեցնել: Իշխանական «ֆեյքերի ֆաբրիկայի» հերթական տարածվող կեղծ լուրերն են, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Ես վստահեցնում եմ, որ նման կեղծ լուրերով որեւէ մեկը չի կարող մեր միջեւ տարաձայնություններ մտցնել»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը կոչ արեց նաեւ իրավապահ համակարգի ուշադրությունը նման «ֆեյք» լուրերի վրա՝ հորդորելով հայտնաբերել այն անձանց, ովքեր զբաղված են նման կեղծ ինֆորմացիաներ տարածելով: «Սա վնասում է մեր հեղինակությանը, ու նման զրպարտություններ տարածողները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջեւ»,- եզրափակեց Վանեցյանը:

 

 

 

ՄՈՒՏՔԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է

Վրաստանը պարզեցրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր. հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: «Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Բելառուսն համալրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան մուտք գործել Վրաստան ՊՇՌ թեստով: Ցամաքային սահմաններին մենք շարունակում ենք պահպանել ներկայիս ռեժիմը»,- հայտնել է Ի. Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մուտք գործել միայն լիարժեք պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

 




Լրահոս