ՖՐԱՆՍԻԱՆ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԵԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմուտքում հայկական լոբբինգի ներկայացուցիչները բացահայտ խոսում են այն մասին, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, որը եվրոպական երկրների խորհրդարաններում սկսվել էր պատերազմի ժամանակ եւ հետո, կարելի է վերսկսել միայն Հայաստանի կողմից ազդանշաններից հետո։ Արցախի հարցը վերաբերում է Հայաստանի սահմաններին, սա ցեղասպանության հարց չէ, որ կարելի լինի ճանաչել առանց Հայաստանի կողմից դիմումների. ասում են ֆրանսահայ լոբբիստները։ Նրանք նշում են՝ որպեսզի Ֆրանսիայի իշխանությունը վերադառնա Արցախի ճանաչմանը, անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ հարցով դիմի Փարիզին:

 

Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում այն երկրներին, որոնք պատրաստ են աջակցել. սա մի հասարակ հարց է, որը պետք է ծագի ցանկացած ռացիոնալ մտածող հայի մոտ։ Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախը, եւ ինչու՞ չի դիմում այն երկրներին, որոնք կարող են օգնել։

Հայ լոբբիստները խոստովանում են, որ իրենք իրենց երկրներում ստիպված են պայքարել թուրքական լոբբիստների դեմ, որոնք կաշառում են բոլոր նրանց, ում հնարավոր է կաշառել։ Նրանք նաեւ ասում են, որ Հայաստանը չի դիմում միջազգային հանրությանը, որովհետեւ վախենում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ստացվում է, որ Թուրքիան խոչընդոտում է հայկական շահերի պաշտպանմանը արտասահմանում, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ նրանք Հայաստանում են գործում՝ ձեռք ձեռքի տված։

Սերգեյ Լավրովն ասում է, թե Թուրքիան մտադիր չէ ստեղծել Թուրան, եւ նրա շահերը կրում են մշակութային բնույթ։ Փաստորեն, Ռուսաստանի ԱԳ նախարարը կարծում է, որ Հայաստանը չպետք է վախենա Թուրքիայի ամբիցիաներից։ Ըստ երեւույթին, Երեւանը չպետք է զգուշանա Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից, որոնք անկասկած ուղղված էին Հայաստանի դեմ։

Արդյոք Հայաստանը սպառնալիք տեսնո՞ւմ է, թե՞ 100-ամյա ռուս-թուրքական հիպնոսը շարունակվում է մինչ օրս։ Ինչո՞ւ Երեւանում չեն տրվում պարզ հարցեր։ Ինչո՞ւ, երբ խոսվում է անվտանգության համակարգի փոփոխության մասին, որը նշանակում է, որ «ռուսական համակարգն» այլեւս չի գործում, իշխանությունները չեն դիմում ՆԱՏՕ-ին, այլ երկրների անվտանգության հարցերում աջակցություն ստանալու համար։ ԶԼՄ-ներում կային տեղեկություններ, որ, օրինակ, Ֆրանսիան առաջարկում է այդպիսի աջակցություն։

Պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ընդունել են բանաձեւ, որը կոչ էր անում վերադառնալ 1994 թվականի սահմաններին եւ ճանաչել Արցախը։ Նման բանաձեւեր են ընդունել նաեւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններ։ Հայաստանը ողջունել է այդ բանաձեւերը, սակայն երբ Ֆրանսիայի ԱԳ նախարարության բարձր ներկայացուցիչը ժամանել էր Երեւան, նրա հետ խոսում էին փողերի, այլ ոչ թե Արցախի ճանաչման կամ ժամանակակից զենքերի մատակարարման մասին։

Հայաստանում ներքաղաքական «բանավեճերը» հանգում են Մոսկվա մատնագրեր ուղարկելուն։ Նոյեմբերի 9-ից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ էր արել ընդդիմությանը բացահայտ հայտարարել, որ նրանք համաձայն չեն եռակողմ հայտարարությանը եւ ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Ընդդիմությունն անմիջապես փոխել էր հռետորաբանությունը։ Իսկ Երբ Փաշինյանը հայտարարեց, որ «Իսկանդերները» չեն պայթել, որովհետեւ հնացած էին, ընդդիմությունը մեղադրում է նրան Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը վիրավորելու համար։

Հայկական կազմակերպություններին հաջողվել է ստեղծել Կենտրոնացված խորհուրդներ Արեւմուտքում եւ, չնայած քաղաքական տարբեր հայացքներին, լուծել ազգային խնդիրներ։ Հայաստանը, սակայն, կարծես կիսվում է  անտեսանելի կացնով։ Արցախը արդեն կիսել են, հաջորդը Սյունիքն է. մասնատված ու ապակողմնորոշված հասարակությունն ի վիճակի չէ հարցեր տալ՝ ելնելով ինքնապահպանման բնազդից։ Այս իրավիճակում ազգային համերաշխության իշխանությունը Հայաստանի համար դարձել է անհասանելի ճոխություն։ Հայաստանը շարունակում է հույս ունենալ, որ Ռուսաստանը շուտով կհաղթի Թուրքիային, ՆԱՏՕ-ին, Չինաստանին, ում ասես, եւ մենք վերջապես կսկսենք ապրել։ Այս ամենին զուգահեռ՝ Ֆրանսիան դեռ սպասում է Հայաստանի դիմելուն, բայց դա անվերջ չի կարող շարունակվել։

Ն. Հ.

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին կազմակերպում է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին եւ մասնագետներին հրավիրում են մասնակցելու խորհրդարանական լսումներին:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղարկվել Ռուսաստանի հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից. հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ: Ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը բնակելի շենքերի եւ սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել եւ, ըստ առաջնահերթության, պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ։

 

 

 

ԿԱԶԱՏՎԵ՞Ն ՀԱՐԿԵՐԻՑ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ եւ կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ եւս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:

 

 

ՆՈՐ ԿԱՐԳ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը: Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ, կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաեւ հրապարակման եւ հանրային իրազեկման բարձր պահանջ:

 

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ ԱԱԾ-ն պարզել է, որ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Գ. Վ.-ին, հայտնել է, թե, իբր, զբաղվում է պատերազմում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցերով: Գ. Վ.-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան մոլորեցնելու, գիտակցության ու կամքի վրա ներազդելու նպատակով տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով՝ կարող է օգնել՝ հայտնաբերելու Դ. Վ.-ին, իսկ 2021թ. փետրվարի 17-ին նրա վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար: Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Մ.-ն 2021թ. փետրվարի 19-ին Երեւանի Վ. Սարգսյան փողոցում Գ. Վ.-ից խաբեության եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 786.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար, սակայն չի հասցրել տնօրինել հափշտակված գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի արդյունքում չի կարողացել իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ Ա.Մ.-ն ձերբակալվել է: Ա.Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Կարագի գները միջազգային շուկայում շարունակում են բարձրանալ: ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 16-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.1 դոլարով: Այն հունվարի 21-ի դրությամբ կազմել է 4.7 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3900-4200 դրամով, այսինքն՝ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը հասնում է 8 դոլարի՝ միջազգային շուկայում սահմանված գնից 2.9 դոլարով ավելի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: Ավելին, տեղեկացնենք, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են բարձր մնալ: Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել:

 




Լրահոս