ԿԱՆԽՎԵԼ Է ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաեւ դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։

 

Մասնավորապես, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի եւ ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել եւ առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (ջցոՌսՏ) եւ անհարթ եզրերով բետոնի կտոր:

Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված եւ եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սանտիմետր չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սանտիմետր չափերի անհարթ եզրերով անցք։ Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք եւս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։ Պոլիմերային խողովակից իր հերթին նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։

Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված եւ հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման  զանգվածներ: Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։

Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաեւ օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաեւ առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված եւ նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր:

Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող եւ հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ, ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք եւ այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք եւ փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննություններ։

Է.Վ.-ն, դեռեւս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, փորձել էր փախուստի դիմել միեւնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետեւ այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով եւ նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։

 

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏԻ ՀԱՐՑԸ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սվենսոն Պատրիկի եւ Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկման առանցքային թեմաներից էր նաեւ գերիների եւ պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցչի կողմից մատնանշվել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ: Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաեւ Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների եւ հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

 

 

 

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը: Նրանք մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում: ՊՊԾ գունդը զավթելու եւ մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար մեղադրվողներից Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, Էդուարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Գագիկ Եղիազարյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման, Սեդրակ Նազարյանը՝ 10 տարի ժամկետով ազատազրկման: Սմբատ Բարսեղյանը, որը  մեղադրվում է  նաեւ ոստիկանի սպանության համար, դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրման, Արմեն Բիլյանը, ում եւս սպանության մեղադրանք էր առաջադրված, այդ հոդվածով արդարացվեց, մյուս հոդվածներով մեղավոր ճանաչվեց,  դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով: Արայիկ Խանդոյանի քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:  Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց ստորագրությամբ՝ չհեռանալու մասին:

Դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարանում:

 

 

 

50 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

Փետրվարի 19-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով եւ հափշտակել, նախնական տվյալներով, մոտ 50 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԼՔԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԸ

Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ-ն: «Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։

Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել եւս՝ ռազմական դրության պայմաններում եւ հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։ Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,-նշել են Պաշտպանության նախարարությունից:

 




Լրահոս