ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու եւ սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

 

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ. համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությանն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ պարզաբանում: Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաեւ 17 դիմում: Ստուգելու եւ քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ: 2020թ.-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:

Կոռուպցիոն բնույթի եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:

Դիմում-բողոքներից բացի, քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների ու հարցերի մասին հայտնում են նաեւ անմիջապես Դատախազություն այցելելով: 2020թ. Դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 28 ընդունելություն, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների եւ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների մոտ՝ 10, վարչությունների դատախազների մոտ՝ 155, Երեւանի ու վարչական շրջանների դատախազություններում՝ 264, մարզերի դատախազություններում՝ 692 ընդունելություն:

Զինդատախազությունում 196 այցելություն է կազմակերպվել, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժնում՝ 33 ընդունելություն:

Քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների հարցերով համակարգող ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը փաստում է, որ Դատախազությունում կազմակերպված ընդունելությունների արդյունքում առանձին դեպքերում նոր երեւան եկած հանգամանքների հիմքով հարուցվել են վարույթներ:

Մասնավորապես, քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանությունը քրեադատավարական կարգով նյութեր է նախապատրաստել, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդ կապակցությամբ քաղաքացուց ստացվել է բողոք, կազմակերպվել է վերջինիս ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ:  ՀՀ դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման եւ գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով նաեւ ընդունելության արդյունքները, նոր երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ, եւ գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԵՐԸ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ավարտում է պրոթեզավորման կարիք ունեցող պատերազմի մասնակիցների պահանջների գնահատման գործընթացը: Այս մասին ասել է նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ գործընթացը նոր է, անցկացվում է փորձագետների բազմապրոֆիլ խմբերի կողմից: Առողջապահության նախարարության կողմից տրված վկայագրերի հիման վրա խմբերն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց եւ ընտանիքի կարիքների գնահատում անցկացնում, ընդ որում՝ հաշվի է առնվում ոչ միայն պացիենտի վիճակը, այլ նաեւ բնակարանային պայմանները եւ այլն, որպեսզի օգնությունը համալիր լինի: Հաշմանդամության կարգ ստանալու համար փորձաքննությունն անցկացվում է անձի ցանկության դեպքում: Փետրվարի 23-ի դրությամբ առաջին կարգի հաշմանդամություն է ստացել 82 անձ, երկրորդ կարգի՝ 183, երրորդ կարգի՝ 335: 150 մարդու հաշմանդամության կարգ չի տրվել:

Փոխնախարարը հայտնել է, որ արդեն գնահատվել են 99 մարդու կարիքները: Ընդհանուր առմամբ Առողջապահության նախարարությունը փոխանցել է 150 մարդու տվյալներ: Խմբերն այցելել են Արցախ եւ Հայաստանի մարզեր: Գնահատման գործընթացը ծրագրվում է ավարտել շաբաթվա վերջում: Այժմ Հայաստանում գործում են պրոթեզների արտադրության 4 սերտիֆիկացված ձեռնարկություններ, եւս մի քանիսի շինարարություն է ընթանում: Ստեփանյանը նշել է, որ այդ ձեռնարկությունների գործունեության հետ նախարարությունն առնչություն չունի, դրանք մասնավոր կառույցներ են: Նա նաեւ հայտնել է, որ պատերազմի մասնակիցների դեպքում չկան գնային սահմանափակումներ: Գնահատման խմբերը համագործակցում են արտասահմանից գործընկերների հետ, մասնավորապես՝ խմբերի աշխատանքին մինչ վերջերս մասնակցում էր Ռուսաստանից մեր հայրենակիցը, նախարարությունը համագործակցում է Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի հետ:

 

 

 

273 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2993 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 713 194-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 945 դեպք, որոնցից 162 517-ը` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 808 է:

 




Լրահոս