«ԿՅԱՆՔՆ ԻՆՁ ՍՏԻՊԵՑ ԴԱԴԱՐԵԼ ԵՐԱԶԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծննդյանս օրը շատ եմ սիրում եւ, կարելի է ասել, փոքրիկ երեխայի նման ամեն տարի սպասում եմ այդ օրվան»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց սիրված երգչուհի Հայկուհի Բաբախանյանը, որը փետրվարի 20-ին տոնել է  ծննդյան 29-ամյակը:

 

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր տարի, եւս մեկ տարով մեծանալով, է՛լ ավելի հասուն, խելամիտ եւ է՛լ ավելի ես ձեւավորվում, թերեւս դրա հետ մեկտեղ քաջ գիտակցում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, սակայն չեմ կարծում, որ մեծությունը, ծերությունը իրապես կապված է տարիքի հետ: Կարծում եմ, որ մարդու երիտասարդությունն իր ներաշխարհի մեջ է»,-ընդգծում է երգչուհին:

Հայկուհու խոսքով՝ ամեն տարի նա իր տարեդարձը  նշել է ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների հետ, սակայն այս տարի համաճարակը եւ երկրում տիրող իրավիճակը թույլ չտվեցին նշել այն. «Անկեղծ ասած, իսկապես սիրտ չունեի որեւէ առիթ անելու, քանի որ ամեն ժպիտի, ամեն ծիծաղի հետ ակամայից աչքերիդ առաջ են գալիս այն բոլոր երիտասարդները, ովքեր հերոսացան՝ հանուն  հայրենիքի: Խոնարհվում  ենք բոլորի առաջ, հավերժ փա՛ռք բոլորին»:

Երգչուհին նշում է, որ թեեւ հավաքույթ անելու մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ եղել են շատ գեղեցիկ նվերներ եւ անակնկալներ:

«Թերեւս որեւէ հավաքույթ չէինք կազմակերպել, բայց շատ-շատ նվերներ, անակնկալներ եղան, որոնցից ուզում եմ հատկապես առանձնացնել մեկը: Մեր ընկեր Արմենը, ով նաեւ իր մասնակցությունն ունի «Հայ երգի երեկո՝ Հայկուհի Բաբախանյանի հետ»  հաղորդմանը,  մեզ շատ մեծ անակնկալ եւ ուրախություն պատճառեց: Մի քանի օրից նրա փոքրիկը պետք է մկրտվի, եւ հենց ծննդյանս օրը  նա հայտնեց, որ  իր ցանկությունն է, որպեսզի կնքամայրը եւ կնքահայրը լինենք ես եւ ամուսինս. թերեւս սա ինձ համար ամենաուրախալի եւ ամենամեծ նվերն էր ծննդյանս օրվա կապակցությամբ»,- ուրախությամբ հայտնում է երգչուհին:

Հարցին, թե ինչպիսի նվերներ է նախընտրում ստանալ ծննդյան օրվա առթիվ, մեր զրուցակիցը նկատում է. «Նվերներ առհասարակ ե՛ւ սիրում եմ ստանալ, ե՛ւ սիրում եմ նվիրել: Եթե  մարդուն շատ լավ եմ ճանաչում, բնականաբար արդեն  գիտեմ՝ ինչ նվիրել, սակայն ինչ ինձ է վերաբերում, ցանկացած նվերից կարող եմ ուրախանալ եւ ինձ շոյված զգալ, քանի որ  կարեւորը ուշադրությունն է, եւ կարեւոր է, որ այն անկեղծ սրտով մատուցված լինի»:

Հայկուհի Բաբախանյանն անկեղծանալով մեզ հետ զրույցում նշում է, որ նա իր էությամբ երազկոտ է, բայց վերջին մի քանի տարիները երգչուհուն մղել են երազանքները վերածել նպատակների:

«Ես մշատպես երազկոտ եմ եղել, շատ սիրել եմ երազել: Երազել եմ դառնալ երգչուհի, լինել հայտնի, սիրված, գնահատված, եւ, փառք Աստծո, այսօր ես վայելում եմ այդ սերն ու հարգանքը իմ հանդիսատեսի եւ երկրպագուների կողմից: Երազել եմ ունենալ լավ ընտանիք, լավ ամուսին, լավ երեխաներ, սակայն դեռեւս երեք տարի առաջ կյանքն ինձ ստիպեց դադարել երազելուց, իմ առաջ դրեց բավականաչափ բարդ խնդիր, որը պարզապես պետք էր լուծել եւ ոչ թե նստել երազել, սպասել: Այդ օրվանից  ես դադարել եմ երազել, եւ բոլոր երազանքներն ինձ համար դարձել են նպատակներ: Նպատակները շատ-շատ են՝ կապված թե՛ երեխաներիս հետ, թե՛ իմ հետագա գործունեության հետ, սակայն դրանցից առաջնային ցանկությունս այն է, որ շատ շուտ տեսնեմ ծնողներիս Միացյալ Նահանգներում, որովհետեւ շատ եմ նրանց կարոտել: Հաջորդն այն է, որ համաճարակն ավարտվելուց հետո մեծ մենահամերգ ունենամ Միացյալ Նահանգներում, որը, հուսով եմ, իրականություն կդառնա, այնուհետեւ  կշրջագայենք հայաշատ քաղաքաներով եւ երկրներով»,- հավելում է Հայկուհի Բաբախանյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՈՄԻՏԱՍԻ «ԶՈՒԼՈ» ԵՐԳԸ՝ ՆՈՐՈՎԻ

Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը եւ պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը:

 

«Վերջապես «Զուլոն» եկավ: Շնորհակալ եմ իմ տաղանդաշատ ընկերներին` Արթուր Արմենի Մնացականյանին, Նորայր Գափոյանին, Հակոբ Օրդակյանին, Գուրգեն Էբեջյանին, որոնք ջանք չխնայեցին իրենց մեծագույն ներդրումն ունենալ երգի ձայնագրման գործում, որի արդյունքը դուք կարող եք լսել երգի ամեն հատվածում»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վիգեն Հովսեփյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով երգի եւ հոլովակի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած բոլոր աջակիցներին:

Երաժիշտը խոստովանել է, որ «Զուլոն» մինչ օրս իր համար ամենաերկար սպասված աշխատանքներից է, որի վրա աշխատել են մեկ տարուց ավելի:

«Բարի դիտում, եւ հույս ունեմ՝ կհավանեք»,- եզրափակել է Հովսեփյանը:

Վիգեն Հովսեփյանը ծնվել է Հայաստանում, բայց 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոնա, ու երկար տարիներ ապրել է այնտեղ: Բարսելոնայում երգել է «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Խումբը կատարել է տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Վիգեն Հովսեփյանը նաեւ հանդես է եկել «Half folk» տրիոյի հետ եւ 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի է ունեցել Կրեմլում, արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Վերադառնալով Հայաստան՝ սկսել է երգել տարբեր ակումբներում՝ կատարելով ե՛ւ  իր՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, ե՛ւ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: 2017-ին թողարկել է «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակը: Վիգեն Հովսեփյանի կատարմամբ շատ սիրվել են «Գուլո», «Կանչում եմ, արի՛», «Սարերի հովին մեռնեմ» եւ մի շարք այլ երգեր:

 

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքային մեթոդներից: Առջեւի գծի խաղացողները կարծում են, որ պորտուգալացի մասնագետը մարզումներին չափազանց մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանը: Ֆուտբոլիստները նաեւ կարծում են, որ Մոուրինյոն չափազանց պահանջկոտ է եւ պահանջում է անսխալ գործողություններ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ անգլիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից եւ սկսել է փոխարինող փնտրել նրան: Թեկնածուների թվում են գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը եւ «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը: Պրեմյեր լիգայում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել վերջին 6 խաղերում եւ 25-րդ տուրից հետո 36 միավորով 9-րդ տեղում է:

 

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշում է կայացրել չեղարկել Եվրոպայի 2021 թվականի առաջնությունը (Մ -19): Տղամարդկանց մրցաշարից բացի, չեղյալ հայտարարվեց կանանց «Եվրոն»: Բացատրելով այս որոշման պատճառները՝ ՈւԵՖԱ-ն նշել է, որ ներկա պայմաններում շատ դժվար կլինի ապահովել թիմերի տեղաշարժը եւ մրցաշարերի անցկացումը: Մինչեւ 19 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր Ռումինիայում հունիսի 30-ից հուլիսի 13-ը, իսկ աղջիկներինը` Բելառուսում հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը:

 

 

 

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

UFC-ի թեթեւ քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը հաջորդ մենամարտը կանցկացնի 34-ամյա ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ: Այդ մենամարտը կգլխավորի ապրիլի 3-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC Fight Night շարքի մրցաշարերից մեկը: 2 մարտիկները տվել են իրենց համաձայնությունը: Պայմանագիրը կստորագրվի առաջիկակյում: 37-ամյա Տոնի Ֆերգյուսոնը նախորդ մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 12-ին Լաս Վեգասում, որտեղ  մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:

 

 

 

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը բրոնզե մեդալակիր է դարձել Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացվող դահուկավազքի դասակարգման փուլում: 5 կմ դասական ոճում աշոցքցի մարզուհին երրորդ արդյունք է գրանցել 43 մասնակիցների հետ մրցապայքարում: Նա առաջին տեղը գրաված լատվիացի Բաիբա Բենդիկային զիջել է 1 րոպե 5.9 վայրկյան:

 

 

 

 




Լրահոս