Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։
Փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ Ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող եմ արդյոք Հաշտարարի միջնորդությամբ բանկից ստանալ վարկ:
Սուրեն Գեւորգյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, ո՛չ, Հաշտարարը նման հարցերով չի կարող զբաղվել, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն – Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը հաճախորդի կողմից ներկայացված պահանջն ընդունում է քննության, եթե հաճախորդի իրավունքները խախտվել են ֆինանսական կազմակերպության կողմից:
Ինչ վերաբերում է վարկի տրամադրմանը, ապա նշենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում՝ Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ տուն-ինտերնատ ընդունվելու համար սոցիալական աջակցության տարածքային մարմին ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Գայանե Սարգսյան (61 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման՝ փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին պետք է ներկայացնել`
անձնագիր կամ նույնականացման քարտ,
նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,
խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,
անձի բժշկական քարտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ու առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձեւին համապատասխան, կամ ՀՀ կառավարության՝ 2015թ. սեպտեմբերի 25-ի N 1112 -Ն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք նաեւ, որ հաճախորդին խնամք տրամադրվում է՝ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա: