Դերասանուհի ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ հեռուստադիտողը կհիշի նախ «Որբեր», հետո «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից: Նա մասնակցել է նաեւ «2 աստղ» շոուին, վարել բժշկական հաղորդում: Հիմա էլ «Եզրագծից այն կողմ» սերիալում մարմնավորում է Լորդի կնոջ` Լիայի կերպարը: Դերասանուհին 2005 թվականին ավարտել է Թատերական ինստիտուտը` Վահե Շահվերդյանի ղեկավարած կուրսը, իսկ 2002-ից աշխատել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մարջանն ասաց, որ ինքն ունի այն ամենը, ինչի մասին երազել է, բայց դա նրան մեծ դժվարությամբ է բաժին հասել: Նախ այն պատճառով, որ նա չի համարձակվել ասել ծնողներին, որ իրեն ուզում է տեսնել արվեստի ոլորտում: Ծնողներն էլ իր փոխարեն որոշել են, որ նա պետք է բուժքույր դառնա եւ դիմել Ակունցի անվան քոլեջ: Մարջանն անկեղծացավ եւ ասաց. «Ես մի քանի օր գնացի անատոմիայի դասերի, հետո նստում էի այն ավտոբուսը, որն ինձ տանում էր Արմավիրի մարզ, ես այնտեղից եմ, ուտում էի իմ մի քանի կոպեկներով գնած բուլկին ու վերադառնում տուն: Ծնողներիս էլ չէի ասում, որ ես դասի չեմ գնացել: Երբ եկավ վարձը վճարելու օրը, ես եկա ու մայրիկիս ասացի, որ արդեն 1 ամիս է` դասի չեմ գնում, չեմ էլ ուզում գնալ: Նախընտրում եմ տանը նստել: Եւ վերջապես ինձ հարցրին` լավ, ի՞նչ ես ուզում դառնալ: Ասացի` դերասանուհի: Հորս աչքերը կլորացան, եղբայրս էլ համաձայն չէր: Բայց սկսեցի պարապել: Մանկավարժական ինստիտուտում ինձ ասացին. «Աղջի՛կ ջան, դու ո՞վ ես, դու դերասանուհի չես դառնա»: Ցածր բալեր ստացա, ինչը ծանր էի տանում: Հետո էլ հաճախեցի Թատերական ինստիտուտի նախապատրաստական դասերին ու ընդունվեցի»: Ահա այսպիսին էր դերասանուհու ճանապարհի սկիզբը: Ի դեպ, Մարջան անունը դերասանուհին ժառանգել է տատիկից, ով արմատներով Կողբ գավառից է եղել: Մարջանը նաեւ խոստովանեց, որ փոքր ժամանակ չի սիրել իր անունը, նույնիսկ ցանկացել է փոխել, իսկ հիմա շատ գոհ է իր անունից: -Թատրոնն ինձ համար այլ աշխարհ է: Ցանկացած գործ ես նախ հարմարեցնում եմ թատրոնի հետ: -Իսկ ինչպե՞ս մուտք գործեցիր հեռուստատեսություն, սերիալներ:-Ամեն ինչ սկսվեց Հանրայինի «Որբեր» սերիալից: Ես այնտեղ խաղացի մեծահասակ կնոջ դեր, ու դրանից հետո էլ շարունակվեց ինձ մեծերի դերեր բաժին հասնելը: Հետո էլ հրավիրեցին «Աննա» սերիալում խաղալ, բայց նկարահանման հենց առաջին օրը խնդիրներ եղան, ես ասացի, որ էլ չեմ աշխատի ու հեռացա նեղացած, թող ինձ ներեն, բայց ճշմարտությունն եմ ասում: Հասկացա, որ պետք չեմ նրանց որպես դերասանուհի, ուստի պետք է հեռանալ: -Ի դեպ, տարիքից խոսեցիր, շատերի մոտ է հարց առաջանում, թե դու քանի տարեկան ես:-Ես ընդամենը 29 տարեկան եմ: Տարիքով կանանց դերեր խաղացել եմ ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում: Չգիտեմ` ինչու են մեծերի դերեր տալիս, երեւի դիմագծերից է, բայց դերասանի համար դա շահեկան չէ, քանի որ գալիս է մի ընթացք, երբ անցնում է այն դերերի շրջանը, որը դու պիտի խաղայիր: Հուսով եմ` կգտնվեն ռեժիսորներ, որ իմ մեջ կտեսնեն երիտասարդ աղջկա:-Նեղվո՞ւմ ես այդ փաստից:-Մի քիչ նեղվում եմ, մի քիչ` ոչ: Երբ երթուղայինից եմ օգտվում, ինձ լավ եմ զգում, մտածում են` ես մեծ եմ, տեղը զիջում են (ծիծաղում է), իհարկե, դա կատակի տեսքով եմ ասում: -Շատերը գումարի համար են գնում սերիալ: Դու ինչի՞ համար ես գնացել:-Այն շրջանը, երբ ես թատրոնում էի ու գնացի «Որբեր», կարոտ կար խաղալու եւ ինչ-որ տեղ ապացուցելու, որ ես էլ կամ: Սերիալում նկարահանվելու առաջարկն էլ եղավ հենց այն ծայրահեղ պահին, երբ ես որոշել էի հեռանալ արվեստից, որովհետեւ հասկանում էի, որ 4-5 տարի թատրոնում եմ եւ ոչինչ չեմ անում, ժամանակս պարզապես գնում էր, հոգիս էլ բավարարված չէր, եւ իմ մեջ կուտակված էներգիան արդեն վնասում էր ինձ: Ինքս ինձ համոզել էի, որ եթե հիմա գնամ թատրոնից, հետո ումից էլ առաջարկ ստանամ, միեւնույն է, չեմ վերադառնալու: Նեղացած էի ե՛ւ ինքս ինձանից, ե՛ւ աշխարհից… Մտածում էի` լավ, ինչո՞ւ չի ստացվում: Ախր գիտեի, որ կարող եմ: Առաջին սերիալին հաջորդեց երկրորդը եւ այդպես շարունակ: Իսկ «Եզրագծից այն կողմ» սերիալի առաջարկը հենց սկզբից մերժել եմ, որովհետեւ տարիքով մեծ կնոջ դեր էր: Չնայած, բախտս բերեց. խաղընկերս` Արտաշես Ալեքսանյանը, պրոֆեսիոնալ դերասան է, ումից շատ գոհ եմ, նա ստիպում է քեզ խաղալ: -Լավ, իսկ անձնականից ի՞նչ կասես: Չե՞ս պատրաստվում ամուսնանալ: -Ապագայում ամուսնանալու պլաններ դեռ չունեմ: Էսպես, թե էնպես դա կլինի, իհարկե, շատ եմ ուզում ընտանիք ունենալ: Բայց այս պահին մի քիչ էգոիստ եմ, արվեստն եմ ընտրել: Մեր ռեժիսորը կատակով ասում է. «Դուք ամուսնացած եք թատրոնի հետ»: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«ՆԵՂԱՑԱԾ ԷԻ, ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԵՌԱՆԱԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ