Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորել է Արցախի բուժհաստատությունները. Human Rights Watch

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր պաշտոնական կայքում նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվել աշնանն Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական հանցագործությունների թեմային:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմական գործողությունների ընթացքում դիտավորությամբ թիրախավորել են Արցախի բժշկական հաստատությունները և ենթակառուցվածքները:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Մարտակերտի հանրային հիվանդանոցին: Միևնույն ժամանակ, հոկտեմբերին քաղաքի արվարձանում տեղակայված զինվորական հոսպիտալի վրա ապօրինի գրոհ է իրականացվել:

Բացի այդ, HRW-ի տվյալներով, արբանյակի միջոցով ուղղորդվող իսրայելական LARA-160 հրթիռահրետանային համակարգը դիտավորյալ է օգտագործվել զինվորական հոսպիտալի դեմ:

Կազմակերպությունը փաստում է, որ հանրային հիվանդանոցի վրա հարձակումների ընթացքում կիրառվել են նաև «Գրադ» տեսակի հրթիռներ, ինչպես նաև կասետային ռումբեր, որոնց օգտագործումն արգելված է:

Կազմակերպությունը վերլուծել է նաև վերաբերելի արբանյակային պատկերները և սոցիալական ցանցերում հրապարակված տեսագրությունները և լուսանկարները: Այս առնչությամբ HRW-ը նշում է՝ սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ռազմական շտապօգնության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը, որի պատճառով ռազմական բժիշկ է զոհվել, դարձյալ դիտավորություն է եղել:

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում ավելի վաղ կազմակերպության կողմից ներկայացված Ստեփանակերտի երկու հիվանդանոցների ավերածությունների թեմային: Այս առնչությամբ HRW-ը հստակեցնում է, որ իրականում հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, շտապօգնության մեքենաները համարվում են քաղաքացիական օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Կազմակերպությունը, վկայակոչելով ՀՀ պաշտոնական տվյալները, մանրամասնել է, որ ադրբեջանական կողմի քայլերի հետևանքով Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում, ընդհանուր առմամբ, վնաս է հասցվել 9 բուժհաստատությունների:




Լրահոս