Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով: Այս մասին իր էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին:

Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ:

Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված:

Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է նա:




Լրահոս