Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձություններն անհանգստացրել են շատերին, եւ հայտարարություն էին տարածել ուժային ներկայացուցիչներ, տարբեր անհատներ: «ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել.
«ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին,
ԱԱԾ բարձրաստիճան սպաներին,
բոլոր աշխատակիցներին,
ս.թ. նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո, հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ ամրապնդելու անվտանգային համակարգը, այլեւ, ճիշտ հակառակը, իշխանության բոլոր քայլերը պատերազմական գործողությունների հետեւանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված երկիրը տանում են կործանման։
Դեռ ամիսներ առաջ մենք՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցներս, հանդես եկանք կոչով՝ նախազգուշացնելով, որ ուժային մեթոդներով ընդդիմախոսներին լռեցնելու գործելաոճը միայն ավելի է սրելու ներքաղաքական վիճակը եւ խորացնելու հասարակության պառակտումը։
Ցավոք, մեր զգուշացումներն անտեսվեցին, եւ այսօր կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։
Հարգելի՛ պարոն Աբազյան, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ սպաներ, հորդորում ենք ձեռնպահ մնալ քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները կատարելուց, խնդրում ենք լինել մեր ժողովրդի կողքին, միանալ ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահանջին։
Այսօր, երբ խաթարված է մեր ազգային անվտանգությունը, գործելու ժամն է, եւ եթե այս վճռորոշ պահին դուք պաշտպանեք մեր պետության օրինական շահը, վստա՛հ եղեք՝ որեւէ մեկն ապագայում չի մոռանա ձեր ազգանվեր դիրքորոշումը»։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես է եկել կոչով եւ ընթերցեց այդ կոչը.
«Հարգելի՛ գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։ Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության եւ ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։ Տեւական ժամանակ է՝ ցավ եմ ապրում եւ հետեւում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Ոստիկանության հարգելի՛ գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս ձեզ։ Մեկ անգամ եւս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի եւ սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։ Պատիվ եմ ունեցել ձեզանից մեկը լինել»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաեւ նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս հայտարարությամբ էին հանդես եկել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջեւ: Հայտարարության մեջ նշվում է, որ ժողովրդի եւ պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ զինված ուժերի եւ Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է, իսկ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով:
ԲՀԿ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու:
«Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու, որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:
Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը եւ մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ եւ չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք եւ ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ն.Պ.
ՀԱՐԿԵՐԸ ՊԱԿԱՍ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔ
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի եւ ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաեւ վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով եւ փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին. տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացվել են միջոցառումներ, եւ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անհատ ձեռնարկատերերից մեկը 2019 թվականին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար չի հայտարարագրել 235.8 մլն դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:
Նշված քրեական գործի առնչությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ձեռնարկվել են քննչական եւ դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված եւ պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա՝ քրեական գործով համալիր հարկային ստուգումներ են նշանակվել անհատ ձեռնարկատերերի մոտ:
Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ համապատասխանաբար 99,9 մլն դրամ եւ 132.7 մլն դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են:
Քրեական գործով որոշում է կայացվել նշված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հիմքով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում էր զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ: Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը:
ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԻՉ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները եւ բոլոր կողմերին հորդորում է սթափություն եւ ողջամտություն ցուցաբերել: ArmLur.am-ը այս մասին տեղեկացել է է Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունից. «Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, եւ հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է՝ որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու եւ անցնելու երկարատեւ զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երեւանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,- նշված է ԱՀ նախագահի հայտարարության մեջ: