ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարմամբ, ինչպես նաեւ ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ:

 

Սուբվենցիայի տրամադրման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ ոլորտների հստակեցման մասով՝ այդ թվում սուբվենցիայի ծրագրերում ներառելով այլ աշխատանքներ, համապատասխանաբար՝ փոխելով ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման տոկոսները։ Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները. քանի որ ՀՀ կառավարության թիվ 596-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձեւաչափում ներառված չեն այլ ոլորտների բնութագրերը՝ ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման մասով: Հաշվի առնելով, որ ներկայումս առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում, հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները եւ այն, որ մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում՝ առաջարկվում է այն համայնքներում, որտեղ սահմանված կարգով չի ձեւավորվել ավագանի, որպես բացառություն, այդ համայնքներում նույնպես հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ Առաջարկվում է համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում առանձնացնել համայնքային փողոցների սալապատման աշխատանքները, լրացնել նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները եւ միաժամանակ փոխել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման եւ նորոգման, բազմաբանակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։ Ընդ որում, կարեւորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները՝ առաջարկվում է այն համայնքներում, որոնք չունեն գլխավոր հատակագծեր, պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ՝ վերջին տարիներին մենք սուբվենցիաներով շատ ակտիվ աշխատեցինք, եւ կարելի է այդ աշխատանքն ընդհանուր առմամբ արդյունավետ համարել: Բայց հիմա մենք խնդիր ունենք նաեւ բովանդակային առումով բարձրացնել սուբվենցիոն ծրագրերի որակը եւ որոշակի, այսպես ասած, քաղաքական, տարածքային զարգացման իմաստով քաղաքական ուղղորդում հաղորդել: Նաեւ շատ կարեւոր եմ համարում. նախկինում մենք խոսել ենք, որ ընդհանրապես գյուղական համայնքների կամ, ավելի ճիշտ, գյուղերի փողոցների բարեկարգման գործընթացը շատ ավելի ինտենսիվ տեղի ունենա, բայց, մյուս կողմից, մենք պետք է այնպես անենք, որ զուգահեռ այդ գյուղական կոլորիտը չտուժի, չկորի: Եվ այդ է պատճառը, որ հիմա մենք փորձում ենք այնպիսի խթաններ ստեղծել, որ ոչ միայն գյուղի փողոցները բարեկարգվեն, դրանք բարեկարգվեն որոշակի, այսպես ասած, գեղագիտական համատեքստում եւ, իհարկե, տեղական հումքի ավելի ընդլայնված օգտագործմամբ: Եվ հույս ունենք, որ մեր համայնքներն առավել ակտիվ կարձագանքեն մեր այս ծրագրին»:

 

 

 

ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ. կատարման ընթացքը եւ արդյունքների մասին զեկույցը hավանության է արժանացել, այն կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը պատրաստվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած անվտանգային եւ սոցիալ-տնտեսական մարտահրավերները՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) համավարակը եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը: Ըստ այդմ, զեկույցը բաղկացած է հետեւյալ հիմնական մասերից՝

l արցախյան պատերազմ.

l նոր կորոնավիրուսի համավարակի (COVID 19) դեմ պայքար.

l ՀՀ կառավարության՝ 2020 թվականի գործունեության տարբեր ոլորտների հիմնական արդյունքներ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ամենակարեւոր քաղաքական արձանագրումը, որ արել ենք զեկույցում, հետեւյալն է՝ 2020թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն հայտնի հանգամանքների բերումով, ըստ էության, իրականացրել է ճգնաժամային կառավարում, որովհետեւ 2020թ. մարտից մենք ճգնաժամային իրավիճակում ենք: Եվ այստեղ մենք ավելի շատ ամփոփում ենք, արձանագրում ենք, զեկուցում ենք ճգնաժամային կառավարման արդյունքների մասին, թե ինչ ենք կարողացել անել այս ընթացքում, ինչ չենք կարողացել անել այս ընթացքում: Իհարկե, նաեւ կառավարության ծրագրի որոշ դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ ենք զեկուցել»:

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 21-ամյա երիտասարդի կողմից 47-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին անձնական հարցերը պարզաբանելու նպատակով 21-ամյա երիտասարդը Երեւան քաղաքի Պարոնյան փողոցում հանդիպել է մոր նախկին ընկերոջը: Վերջիններիս միջեւ խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո երիտասարդը, մտնելով նշված փողոցում գտնվող արագ սննդի կետ, խոհանոցից դանակ է վերցրել եւ վերադառնալով՝ 47-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա կենսական կարեւոր օրգանների՝ պարանոցի եւ ըմպանի հատվածին՝ պատճառելով պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ վնասվածք: Այնուհետեւ գիտակցելով նրան մահ պատճառելու իրական հնարավորությունը՝ անտարբերություն  է դրսեւորել եւ նրան օգնություն ցույց տալու ուղղությամբ որեւէ միջոց չի ձեռնարկել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

Ո՞Վ ԿՆՇԱՆԱԿՎԻ

2021թ. փետրվարի 24-ին լրացել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն  Սաթրոսյանի պաշտոնական լիազորությունների ժամկետը։ Նա Դիլիջան համայնքը ղեկավարում է 2005 թվականից։ 2016 թվականից Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի 6 գյուղեր միավորվելով դարձել են Դիլիջան խոշոր համայնք։ Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սանթրոսյանին չի նշանակելու Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ Դիլիջան համայնքի ավագանու անդամ, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկեր Դավիթ Սարգսյանը եւ Դիլիջանի գարեջրի գործարանի արտադրության պետ Տիգրան Ստեփանյանը։ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ընտրություններ, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրեն լոյալ քաղաքապետեր է  նշանակում։

Իջեւան համայնքի ղեկավար  Վարդան Ղալումյանը  2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ  ՀՀ քննչական կոմիտեն նրան  մեղադրանք էր առաջադրել ՀՀ  քրեական օրենսգրքի  308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ  առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։ Վ. Ղալումյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլի Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վերջինս մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։ Հայկ Ղալումյանի եղբայր,  Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։

Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։ Իջեւան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնելու Իջեւան քաղաքային համայնքը եւ 17 գյուղական համայնք։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս