ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԵՌԱՀԱՐ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռահար: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ «Ոստիկանության մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռահար՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ, առանց իրավասու ստորաբաժանում այցելելու: «AM» կարգի՝ մոպեդ, տրանսպորտային միջոցները եւս կհանդիսանան պետական գրանցման եւ հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաեւ առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։

 

Միաժամանակ, որոշմամբ հստակ կամրագրվի ցանկալի համարանիշեր եւ մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու պահանջը՝ պայմանավորված արտաբյուջետային հաշիվները փակելու հանգամանքով։

Որոշման ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը եւ տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը, ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկելի, իսկ վերջիներիս վարորդների վարքագիծը առկա իրավատեխնիկական համակարգերի առկայության արդյունքում կհամապատասխանեցվի ճանապարհային երթեւեկության կանոններով եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Ինչպես նշել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, այսուհետ համակարգչի միջոցով՝ առցանց, հնարավոր կլինի իրականացնել տրասպորտային միջոցի գնման եւ վաճառքի գործընթացը: «Անհրաժեշտ է միայն, որ եւ՛ գնորդը, եւ՛ վաճառողն ունենան նույնականացման քարտեր եւ էլեկտրոնային ստորագրության հնարավորություն: Պայմանագրի ձեւն արդեն առկա է համապատասխան հարթակում: Ամբողջ պայմանագրային գործընթացն իրականացվում է հեռավար: Մնում է, որ գնորդը մեքենայի պետհամարանիշը փոխանակելու նպատակով ժամանի ոստիկանության համապատասխան կայանավայր եւ այնտեղ կատարի վճարումներն ու պետհամարանիշի փոխանակումը»,- ասել է ոստիկանության պետի տեղակալը:

Կառավարության նիստի ընթացքում քննարկվել է նաեւ արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողներին անվճար բուժօգնության ծառայությունից օգտվելու հնարավորություն տալու հարցը:

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Նպատակը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելն է, նրանց իրավունքներն օրենսդրորեն սահմանելու եւ դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելը:

Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը եւ այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարեւորությունը՝ սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են որոշմամբ սահմանված հիմնական եւ լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին՝ ցանկության եւ բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 10-15 աստիճանով։ Երեւանում փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ը սպասվում են տեղումներ։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ականի պայթյունից վնասվածքներ է ստացել 1964 թվականին ծնված Գյուլօղլան Միրզալիեւը: Վերջինս պայթյունի ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված եղել: Տղամարդը ականի պայթյունի հետեւանքով ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161,6 մլն դրամ պարեկային ոստիկանության ստեղծման նպատակով: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը կապված է պարեկային ոստիկանություն ունենալու նպատակադրման հետ: Նա ասաց, որ թեեւ նախկինում պլանավորել էին մարտից ունենալ, սակայն համավարակի եւ պատերազմի պատճառով հետաձգվեց, եւ հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել ամռանը: «Մեր ապագա պարեկային ոստիկանության աշխատակիցները հիմա անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում, եւ շատ կարեւոր է, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն ոստիկաններ, այլ նաեւ քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը»,- ասել է նա: Ըստ վարչապետի՝ մեկնարկը լինելու է Երեւանից, ապա կիրականացվի Շիրակի եւ Լոռու մարզերում, այնուհետեւ՝ մնացած բոլոր մարզերում: «Սրանով նոր շունչ եւ ազդակ կհաղորդվի ընդհանրապես Ոստիկանության բարեփոխումներին, ըստ էության, լինելու են նոր մեքենաներ, նոր դիզայն: Պետք է ասել նաեւ, որ պարեկային ոստիկանությունում նաեւ ավելի բարձր աշխատավարձ սահմանելու որոշում ենք կայացրել եւ հույս ունենք, որ այս գործընթացում ոչ միայն գործող ոստիկանները, այլ նաեւ քաղաքացիական անձինք որոշում կկայացնեն եւ այս ծառայության մեջ ներգրավելու քայլ կկատարեն»,- ասաց նա։ Կառավարությունն ընդունել է նախագիծը։

 

 

 

282 ԴԵՊՔ

Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք, առողջացել է 467 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 3488 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 716 682-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171 227 դեպք, որոնցից 162 984-ը` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 809 է: Փետրվարի 24-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3068 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: Կատարվել է 20 516 թեստավորում:

 

 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի եւ դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետեւում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական եւ հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների եւ քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը անթույլատրելի եւ կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսեւորել խոհեմություն եւ պատասխանատվություն, չտրվել սադրանքներին եւ զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի եւ ժողովրդի»։

 

 




Լրահոս