13 ՏԱՐԻ ԱՆՑ` ՆՈՐԻՑ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021-ի մարտի 1-ը Երեւանը հերթական անգամ դիմավորում է լարված մթնոլորտում: 13 տարի առաջ՝ 2008 թվականին եւս, ինչպես այս օրերին, Հայաստանում ու մասնավորապես մայրաքաղաք Երեւանում հասարակությունը կրկին երկբեւեռ է։ Մարդիկ իշխանափոխության պահանջով գիշերում են փողոցում, վառարաններով փորձում տաքանալ այս ցուրտ եղանակին: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ ցուցարարների թվում այլեւս Նիկոլ Փաշինյանը չկա, ինչպես 13 տարի առաջ էր, եւ այսօր մարդիկ պահանջում են ՀՀ պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

13 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ընդդիմությունն այսօր իշխանություն կդառնա: Թվում է, թե 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից պետք է թե՛ այն ժամանակվա իշխանությունները, թե՛ այն ժամանակվա ընդդիմությունը, որն այժմ իշխանություն է, դասեր քաղեին։ Պարզվում է, սակայն, ոչ մի կողմն էլ դաս չի քաղել տեղի ունեցած արյունալի դեպքերից, երբ Երեւանի կենտրոնում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավորներ վիրավորվեցին, ինչպես նաեւ ապօրինի հետապնդումների եւ դատավճիռների ենթարկվեցին 50 անձինք: Մեկ օրից լրանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 13 տարին: Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ովքեր են 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում գնդակահարել 10 հոգու, դրա փոխարեն  սահմանադրական կարգը տապալելու եւ դրան օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից մի քանիսին:

 

 

 

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչեւ հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։ Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ  Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն ե՛ւ կառավարությունից, ե՛ւ ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, եւ Գասպարյանը ընդառաջել է։ Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա եւ բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ  վերջինս պետք է հրաժարական տա եւ գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաեւ, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։ Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին եւ իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել եւ պահանջել նրա հրաժարականը:

 

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ Փաշինյանի հետ այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաեւ ԱԺ նախագահի մտերիմ պատգամավորները: Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որեւէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծել էին «դավաճան» վանկարկումների ներքո, եւ վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել:

 

 

 

 

Հետպատերազմյան Հայաստանը գտնվում է ոչ շահեկան դիրքերում եւ պատերազմից հետո չի կարողանում աշխարհին ապացուցել մեր դեմ թույլ տրված հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում ագրեսոր էինք ներկայացնում Ադրբեջանին, ասում, թե իրենք մեզ բնաջնջում են, ցեղասպանում են Թուրքիայի եւ ահաբեկիչների հետ, սակայն ներքաղաքական կարիքներից ելնելով՝ մեծ «ռազբորկա» է սկսվել երկրի ներսում պատերազմից հետո, եւ օրումեջ խոսվում է, թե պատերազմի ընթացքում անկազմակերպվածություն է եղել: Հայաստանը բարձրաձայնում է, թե պատերազմի ընթացքում մեր հանդեպ կիրառվել են ֆոսֆոր, կասետային ռումբեր, սակայն ՀՀ վարչապետն իր շուրթերով խոսում է «Իսկանդեր» հրթիռային համակարգի կիրառման մասին, որը նախատեսված է ռազմավարական օբյեկտներ եւ մեծ բազմություն խոցելու համար: Այսինքն՝ ՀՀ ղեկավարն իր շուրթերով է ասում, թե Հայաստանն այդպիսի մասշտաբի զենք է կիրառել: Յուրաքանչյուր օր բոլորը խոսում են հայ ռազմագերիների վերադարձի մասին, այնինչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փակ քննարկման ժամանակ, հայտարարել էր, թե գերիներին Ադրբեջանում լավ են վերաբերվում: Սակայն սա էլ միակ սայթաքումը չէ. հայերը մշտապես ասում են, թե չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, քանի որ նրանք մարդասպան են եւ ագրեսոր, այնինչ իշխանական խմբակցության պատգամավորների կողմից այլ հայտարարություններ են հնչում: 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հարեւանություն անել։ Ասել է թե՝ աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք։

 




Լրահոս