ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների խորհրդարանը երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձեւը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձեւը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

 

Այս մասին փոխանցել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձեւերի ընդունումը եւ շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձեւերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեց։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձեւի դրույթները»,- նշել է Հախվերդյանը։

Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձեւում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատգամավորների լայն աջակցությունը բանաձեւին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը եւ համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդեւինդին եւ խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն եւ սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես, օրինակ, Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նաեւ շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդեւինդի եւ այլոց բանաձեւի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան համարում է, որ այս գաղափարը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,- նշում է ֆեդերացիան՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը եւ կիրականացնի այն։

Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձեւը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձեւը, դիմելով կառավարությանը, նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն եւ շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նոր բանաձեւով խորհրդարանը հայտնում է, որ այլեւս չի կարող համաձայնել կառավարության ներկայիս մոտեցման հետ։

«Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները եւ պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,- նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից:

 

 

 

ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Այս մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային եւ օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները եւ պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում: Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

 

 

283 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: «Այս պահին սահմանափակումների մեղմացման հարց չի քննարկվում, քանի որ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ»,- ասել է Հ. Խաչատրյանը: Հայաստանում փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 171 510-ի, որոնցից 163 165-ը` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ:

 

 

 

ԿԱՍԵՏԱՅԻՆ ՉՊԱՅԹԱԾ ԵՆԹԱԶԻՆԱՄԹԵՐՔ

Օրերս «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները եւ ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։ Հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։ Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով, իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է: Չպայթած զինամթերք հայտանաբերելու եւ ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

 

 

 

ԿԼԻՆԻ ԱՌԿԱ

ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանի որոշմամբ՝ մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում: Բացի դրանից, մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:

 

 

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե, իբր, խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը: «Մենք պարզապես պետք է ինքներս մեզ մի հարց տանք՝ ի՞նչ ենք ցանկանում այս փուլում՝ զարգացնե՞լ զբոսաշրջությունն Արցախում, թե՞ փախստականների վերադարձը եւ նորմալ կյանքի վերականգնումը: Եվ նորմալ կյանքի հաստատման վերաբերյալ խնդիրները շատ են, ռուս խաղաղապահները զբաղված են հենց սրանով»,-ասել է նա: Զախարովան նշել է, որ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք խաղաղապահներն ուսումնասիրում են հակամարտության բոլոր կողմերի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս