Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995թ. օգոստոսի 1-ին Վայոց ձորի մարզի Շատին համայնքում: Դավիթը հերոսաբար զոհվել է արցախյան պատերազմում Ջրականի համար մղվող մարտերից մեկի ժամանակ:
Մերօրյա հերոսը մասնագիտությամբ տնտեսագետ էր, 2018 թվականի ծառայության էր անցել հայոց բանակում: Պաշտպանության նախարարության պատվերով նա սովորել էր Ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժնում, որն ավարտելուց հետո հինգ տարով գործուղվել էր Սիսիան՝ ծառայության: Դավիթը ավագ լեյտենանտ էր:
Դավիթ Հովհաննիսյանի անցած ճանապարհի, հերոսական ուղու մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է նրա զարմուհին՝ Նելլի Պետրոսյանը:
«Եղբայրս պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է պատերազմին, կռվել է Ջաբրայիլում (Ջրական) եւ հենց այնտեղ էլ հեկտեմբերի 10-ին՝ թեժ մարտերից մեկի ժամանակ, թշնամու արկերի հարվածից հերոսաբար զոհվել է: Նա ստացել է մարմնի տարբեր հատվածներում բազմաբեկորային վնասվածքներ»,- նշում է մեր զրուցակիցը:
Նելլի Պետրոսյանի խոսքով՝ Դավիթը դեռ մանկուց շատ-շատ էր սիրում զինվորական կյանքն ու առօրյան եւ երազում էր դառնալ զինվորական. «Այդպես էլ եղավ, դեռ ուսանողական տարիներից այնպես պլանավորեց, որ զինվորական ուղղությամբ գնա: Դավիթն իր տեսակով շատ կենսախինդ էր, մեր բոլոր հավաքույթների ուրախությունն էր, մեր ընտանիքի միակ արու զավակն էր, շատ սիրված էր մեր բոլորիս կողմից: Դավիթն ունի իրենից փոքր քույր: Նա իր շրջապատում մշտապես աչքի է ընկել իր ընկերասիրությամբ, հումորի եզակի զգացողությամբ, ուներ տարբեր հմտություններ, հետաքրքրություններ: Դավիթի հետ վերջին անգամ հանդիպել ենք պատերազմից մեկ շաբաթ առաջ մեր տանը. փոքրիկ հավաքույթ էինք կազմակերպել: Շատ ուրախ էինք, երբեք չեմ պատկերացրել, մտածել, որ դա է լինելու մեր վերջին հանդիպումը: Երբ պատերազմը սկսվեց, նա արդեն գտնվում էր Ջաբրայիլում, մասնակցում էր ծանր ու բարդ մատերին, բայց գրեթե ամեն օր զանգահարել է տուն, մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ: Դավիթից մեկ օր լուր չունենալուց հետո բոլորս շատ անհանգիստ էինք, չէինք ուզում հավատալ, որ կարող է Դավիթին բան պատահած լինել, քանի որ երբ իր հետ խոսում էինք, միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է լինելու, մենք մեր դիրքերում ենք, անպայման հաղթելու ենք», բայց…»,- խորը հոգոցով ասում է Դավիթի զարմուհին:
Մեր զրուցակցի հավելմամբ՝ Դավիթը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ պատերազմի օրերին չի տրտնջացել, չի բողոքել. «Դավիթի մայրը պատմում է, որ պատերազմի թեժ օրերին անգամ նա հումորներ էր անում, որպեսզի մայրը հեռավորության պայմաններում շատ չանհանգստանա: Եղել են դեպքեր, երբ մայրն ու հայրը հեռախոսազրույցի ընթացքում պայթյունի ձայներ են լսել, սակայն կարողացել է միայն ասել, որ ընկերներից շատերն արդեն չկան, զոհվել են»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։
Ցուցադրվելու են Արցախում գրված, նկարազարդված եւ պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր, ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։
«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի մասնաճյուղը բացվել է 2015 թվականին: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Արցախի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր:
Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, նաեւ պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել եւ պահվել են այստեղ:
Բացառիկ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Մինչեւ մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագիր, որոնցից 12-ը պահվում են Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ Սրբոց Հակոբյանց վանքում: Կենտրոնում ցուցադրվում են 12-ը:
Հիմնական ցուցադրությունից զատ, կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։
Իրականացվում են գիտաժողովներ, այդ թվում՝ միջազգային։ 2019 թվականին կազմակերպվել է «Հայոց Արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողովը, որին մասնակցել են Եվրոպայից, ԱՄՆ-ից հեղինակավոր հայագետներ, մեծ համբավ ունեցող գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
ՊԱՅՔԱՐ
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սկսում են պայքարը Կիեւի միջազգային մրցաշարին: Հավաքականներն ունեն հետեւյալ կազմերը.
ազատ ոճ. Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Գեւորգ Թադեւոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան, Արման Անդրեասյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյան (125 կգ): Հունահռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան , Արմեն Մելիքյան (60 կ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան(67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան, Վարուժան Գրիգորյան (77 կգ), Արտավազդ Վարդանյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ): Մրցաշարը կկայանա փետրվարի 25-ից 28-ը:
ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Միլուոկին» 129:125 հաշվով տնային հաղթանակ է տարել «Նոր Օրլեանի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Յանիս Ադետոկումբոն, որը «Միլուոկիի» կազմում հավաքել է 38 միավոր: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շոլա Շորեթայրը, մասնակցելով իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղին (0:0), սահմանել է ակումբային ռեկորդ: Անգլիացին փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին եւ դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթներում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 17 տարեկան 23 օրականում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 4:0 հաշվով եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:
ԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐ
Ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստներն ընտրել են խաղային համարները նոր մրցաշրջանի համար: Թիմի նորեկ Վարազդատ Հարոյանը հանդես կգա 3 համարի մարզաշապիկով, որով խաղում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը պահպանել է 11 համարը: Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը վերջերս հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» եւ տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո: