Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Հալաբյան փողոցում բախվել են 30-ամյա Լուսիա Ասատրյանի վարած Suzuki եւ Գագիկ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ եթե վթար է տեղի ունեցել, որ դեպքում մասնակիցը տուժող չի համարվում եւ չի օգտվում ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից:
Ջիվան Գրիգորյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տուժող չի համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում՝
l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը եւ վնաս պատճառած անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,
l այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ,
l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որը, օրենքի համաձայն, ունի հատուցում ստանալու իրավունք:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը, ի՞նչ է պետք ներկայացնել:
Արմենուհի Կարապետյան (69 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: