ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՑԵԼ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ օրերս տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել: Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ, եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:

 

Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա: Նրանք են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը: Իսկ ինչո՞ւ վերոնշյալ պաշտոնյաները չեն միացել: ArmLur.am-ին իրավապահ համակարգից հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ պաշտոնյաների մասով բավականին մութ կետեր կան, որոնցով անձամբ զբաղվում են իրավապահները: Մասնավորապես, ըստ իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: ՊՆ-ում ենթադրում են, որ նա չի ստորագրել հայտարարության տակ՝ հաշվի առնելով իր մասով քննվող քրեական գործը: Հերթը հասավ ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Տպավորությունն այնպիսին է, որ Պողոս Պողոսյանը չի ցանկացել ստորագրել ու վերջ, բայց պատկերը այլ է: Իսկ ի՞նչ է կատարվում նրա շուրջ: Ինչպես հայտնի է, 2021 թվականի փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին։ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր:

Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից հասած լուրերի՝ Պողոս Պողոսյանը ընդգրկված է եղել զենքի մատակարարման հանձնաժողովում եւ, ոչ ավել, ոչ պակաս, լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր, չէր կարող տեղյակ չլիներ այս իրավիճակից, ուստի չի բացառվում, որ նա էլ վախեցել է դեմ գնալ իշխանություններին՝ հաշվի առնելով Պատրոն Դավոյի շուրջ ստեղծված աղմուկը:

Իսկ ինչի՞ց է վախեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարտիկյանը, լինելով հետախուզության վարչության պետ, սխալ տեղեկություններ է հայտնել պատերազմում որոշակի գործողությունների մասով եւ միգուցե չի միացել հայտարարությանը, քանի որ մտածել է՝ եթե իշխանափոխություն լինի, ապա իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն:

ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի մասով արդեն հայտնեցինք, որ նա բացակա է եղել, ուստի դրա պատճառով չի միացել Գլխավոր շտաբի հայտարարությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱԹԱՐԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔԸ

Այն, որ ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաեւ այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Մասնավորապես, ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար առաջացած խնդիրներից մի քանիսը հետեւյալն են՝

1) մարդն ունի տան կամ հողատարածքի նկատմամբ իր իրավունքի գրանցումը հաստատող օրինական փաստաթուղթ (օրինակ՝ կադաստրային վկայական), սակայն զրկված է այդ գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք (օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր),

2) մարդն ունի իր իրավունքը հողատարածքի նկատմամբ հաստատող փաստաթուղթ, սակայն չի կարողանում, օրինակ, օգտվել իր հողատարածքից, քանի որ դա գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, ու ավելին՝ նրանք այդ վայրերում պարբերաբար կրակում են (օրինակ՝ Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Արավուս, Որոտան, Եղվարդ, Ագարակ գյուղերը, Գեղարունիքի մարզի Կուտ, Նորաբակ ու, առհասարակ, սահմանային դարձած գրեթե բոլոր գյուղերը):

Նույն խնդիրը վերաբերում է նաեւ համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավարություններին.

3) գործարարությամբ զբաղվող ընկերությանը Կառավարության որոշմամբ հատկացվել է հողատարածք, սակայն ընկերությունը չի կարողանում այն օգտագործել, քանի որ հենց այդ կոնկրետ տարածքի մի մասը զբաղեցնում են ադրբեջանական զինված ուժերը (օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնք),

4) մարդիկ զրկվել են արոտավայրեր, խոտհարքներ ու այգիներ օգտագործելու հնարավորությունից այն պատճառով, որ դրանք կա՛մ ադրբեջանական վերահսկողության ներքո են, կա՛մ նրանց զինված ուժերի նշանառության տակ (Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային դարձած բոլոր բնակավայրերը):

Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա, ու սրան էլ ավելանում է նաեւ GPS-ի ու «Գուգլ» քարտեզի կիրառությունը, ապա սրանք, ամեն դեպքում, այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել:

Միջազգային կանոններն իրականում բոլորովին այլ մոտեցում են ամրագրում. կադաստրային փաստաթղթերը կամ կադաստրային քարտեզներն են, որ պետք է դրվեն քննարկումների նախապատրաստման ու բանակցությունների հիմքում: Դրանք պետք է լինեն կողմերի սկզբնական (ստարտային) դիրքորոշումների հիմքում: Միջազգային կանոնների համաձայն՝ սահմանային բնակիչների սեփականության իրավունքին, նրանց պատկանող հողերին ու տներին (անգամ հասցեներին) վերաբերող կադաստրային փաստաթղթերը պետք է նախապես ուսումնասիրվեն ու հաշվառվեն:

 

 

 

ՌԵԿՏՈՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ

Ազգային Ժողովում երեկ՝ ժամը 15:00-ին, նախատեսված էր աշխատանքային քննարկում, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նիստին պետք է մասնակցեին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ավելի ուշ տեղեկացանք, որ աշխատանքային քննարկում չի կայացել: ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկում էի ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը վերաբերող նախագիծը, որի ընթացքում ինձ տեղեկացրին, որ ռեկտորները վախենում են գալ Աժ: Պատճառների մասին հետաքրքրվեցի Ռեկտորների միության նորընտիր նախագահ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից, որը տեղեկացրեց, որ օրը խորհրդանշանական է՝ մարտի 1-ն է, եւ նախատեսված է երկու հանրահավաք, ուստի ռեկտորները վախենում են մտնել խորհրդարանի շենք, հետեւաբար խնդրել են հանդիպումը չկայանա կամ կայանա այլ վայրում: Այլ վայրում քննարկումը կազմակերպելուն ես, բնականաբար, չէի կարող համաձայնել, քանի որ ձեւաչափով նախատեսված էր խորհրդարանական աշխատանքային քննարկում: Հետեւաբար իմ կամքից անկախ պատճառներով եւ ռեկտորների որոշման արդյունքում նաեւ իրենց համար կարեւորագույն հարցի քննարկումը չկայացավ»:

 

 

 

ԴԵՂԱՀԱԲԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Փետրվարի 22-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին նույն օրը։ Կասկածվողը հայտնաբերվել է Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Գյումրիում բնակվող 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբեր, սպիտակ փոշենման զանգված եւ այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իր օգտագործման համար են, ձեռք էր բերել անցած տարվա դեկտեմբերին Գյումրիում։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

 

 




Լրահոս