Դատավոր Պետրոսյանը գնալու է մինչեւ վերջ. ցուցում ՀՔԾ քննիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ -ն կարգապահական վարույթ է հարուցել Երևան քաղաքի դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի գործողությունների մասով, իսկ ահա ՀՔԾ -ում էլ հարուցվել է քրեական գործ: Ինչ փուլում են այս գործերը եւ ինչ է պատրաստվում անել դատավոր Պետրոսյանը, այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է դատավորի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեր նկատմամբ կարգապահական վարույթի գործով նիստը հետաձգվեց, քանի որ դուք լքեցիք դատական նիստը եւ նիստը կիրականացվի այն ժամանակ, երբ դուք ներկա կգտնվեք: Պատրաստվո՞ւմ եք ներկա գտնվել ԲԴԽ հերթական նիստին եւ առհասարակ ստացե՞լ եք հերթական նիստի օրվա մասին ծանուցում:

-ԲԴԽ-ում իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատական նիստի վայրի և ժամանակի մասին չեմ ծանուցվել, ընդ որում այդ ծանուցումը պետք է լինի նիստից առնվազն 5 օր առաջ:

-Դուք ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմել եք վարչական դատարան, ի՞նչ փուլում է գործը եւ, ըստ Ձեզ,  դատարանը համարձակություն կունենա՞ ԲԴԽ անդամի՝ իշխանության թեկնածուի դեմ որոշում կայացնել եւ Ձեր հայցը բավարարել:

– Վարչական դատարան ներկայացված հայցի կապակցությամբ դեռևս որևէ դատական ակտ չեմ ստացել: Հետևողական եմ լինելու մինչև իրավական գործընթացի ավարտը:

-Տիկի՛ն Պետրոսյան, ՀՔԾ-ում Ձեր մասով քրեական գործ կա, Ձեզ դեռ մեղադրանք առաջադրված չէ: Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, թե ոչ:

– ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ստացել եմ հսկող դատախազի պատասխանն առ այն, որ ՀՔԾ քննիչին ցուցում է տրվել ինձ տրամադրելու քրեական գործի հարուցման որոշումը, ինչը ստանալուց հետո փաստաբանի հետ կձեռնարկվեն բողոքարկման անհրաժեշտ միջոցները:

-Ի վերջո Ձեր շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հիմք ունե՞ն, թե՞ Ձեզ ցանկանում են կամ վախեցնել կամ պատժել:

-Թե՛ կարգապահական վարույթը և թե՛ քրեական գործը դիտարկում եմ բացառապես որպես ճնշման փորձ իմ կողմից ԲԴԽ ընտրված անդամի լիազորությունները դադարած ճանաչելու իրավական գործընթացը կանխելու ուղղությամբ:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս