ՀԱՐՑ. Լսել եմ, որ շատ անգամներ նույնիսկ պատգամավորներ ցանկացել են հատուկ ծառատեսակներ գնել Լոռու «Սոճուտ» դենդրոպարկից, բայց տնօրինությունը չի վաճառել: Ինչպե՞ս է հաջողվել մերժել բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանք-պահանջը: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե այժմ դենդրոպարկում քանի տեսակի թփեր, բույսեր ու ծառատեսակներ կան: Հայկ Սոսինյան, 23 տարեկան, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Կան ծառատեսակներ, որոնք մենք ոչ մի գնով չենք վաճառում, կապ չունի, թե ով է ուզում գնել: Մենք մեր հավաքածուում մոտ չորս հարյուր տեսակի բույսեր ունենք, իսկ վաճառում ենք ընդամենը 20-ից 30 տեսակ: 1933 թվականից դենդրոպարկում փորձարկված էին մոտ 2500 տեսակի բույսեր ու ծառատեսակներ: Առայժմ մնացել է մոտ 400 տեսակի, որ կարողանում ենք աճեցնել ու պահպանել: Իսկ մնացածը, որոնք բերված էին արտասահմանից, վերացել են, քանի որ մեր երկրի կլիմայական պայմանները բավարար չեն եղել, որպեսզի նրանք երկար ժամանակ աճեն ու բազմանան: Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրաշալի կլիներ, եթե Լոռու բնության այդ գողտրիկ անկյունում ժամանակին հիմնված այգու բոլոր ծառատեսակները հնարավոր լիներ պահպանել ու բազմացնել: Այսուհանդերձ, ոչ մասնագիտական աչքով նույնպես այգին բավական հարուստ է ներկայանում իր այցելուներին: Դենդրոպարկն այնքան գեղեցիկ է, որ որեւէ մեկի մտքով չի անցնում ո՛չ ծառատեսակները հաշվել, ո՛չ էլ պատկերացնել, թե ժամանակին, հնարավոր է, տեսականին ավելի մեծ եղած լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ այգու տնօրինությունը կայուն սկզբունքայնություն է դրսեւորում ու տարբեր պաշտոնյաների գայթակղիչ առաջարկներին տեղի չտալով` ոչինչ չի վաճառում` չաղճատելով բնության հրաշքը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ