ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած եւ բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն ստացած շուրջ 4000 զինծառայողների (բացառությամբ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) տրամադրել է  500 հազար դրամ աջակցություն: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացված են զոհված անձանց ընտանիքների եւ վիրավորում ստացած անձանց աջակցության  ծրագրերը՝

 

l Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1-ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն,

l աջակցություն ստացած՝ 34 քաղաքացի (30-ը՝ զոհերի ընտանիք, 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), տրամադրված աջակցություն՝ 156 մլն դրամ,

l ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած եւ բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն ստացած զինծառայողներին (բացառությամբ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների)՝ 500 հազար դրամ աջակցության տրամադրում,

l աջակցություն ստացած՝ շուրջ 4,000 քաղաքացի, տրամադրված աջակցություն՝ շուրջ 2 մլրդ դրամ:

Հիշեցվել են նաեւ աջակցության այլ ծրագրերը.

l պատերազմի հետեւանքով անհայտ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով,

l ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների առանձին խմբերին՝ ամսական 300,000 դրամ աջակցություն,

l զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին  տրվող ամենամսյա պարգեւավճարի չափերի սահմանում՝ ըստ պարգեւավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, շահառուների շրջանակի վերանայում, ընդլայնում,

l բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողի կամ քաղաքացիական անձի գտնվելու վայրում (բուժհաստատություն, տուն),

իրականացրած փորձաքննություն՝ շուրջ 800 անձ, որից 590-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ՝

1-ին խումբ – 82 անձ, 2-րդ խումբ – 173 անձ, 3-րդ խումբ – 335 անձ,

l աջակցող միջոցների տրամադրում պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ անկախ որեւէ սոցիալական խմբում ներառված լինելու հանգամանքից, աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի պարզեցում՝

աջակցություն ստացած՝ 3,018 անձ (6,096 աջակցող միջոց),

l բազմամասնագիտական խմբերի կողմից պատերազմի ընթացքում վիրավորում ստացած եւ պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացի իրականացում՝

աջակցություն ստացած՝ շուրջ 110 քաղաքացի,

l առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրում՝ պատերազմի հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց՝

պոտենցիալ շահառուներ՝ շուրջ 130 անձ:

Պետությունը Սյունիքի մարզի 71 քաղաքացու, որոնց անշարժ գույքին վնաս է հասցվել պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն: Հաշվետության մեջ ներկայացվել են Հայաստանի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը.

l պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին՝ միանվագ դրամական աջակցություն՝

աջակցություն ստացած՝ Սյունիքի մարզի 71 քաղաքացի, բյուջե՝ շուրջ 45 մլն դրամ (աջակցություն կստանա եւս՝ շուրջ 50 քաղաքացի),

l պատերազմի հետեւանքով Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչեւ նոր տների կառուցումը՝ միանվագ 300,000 դրամ, եւ 6 ամսվա համար` 68,000 դրամաջակցության տրամադրում՝

աջակցություն ստացած՝ շուրջ 50 քաղաքացի,

l պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ դարձած Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի շուրջ 40 բնակավայրերի ընդգրկում՝ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում՝ (անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործված ոռոգման ջրի վճարների 50 %-ով փոխհատուցում, ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում՝ առանց տարիքային սահմանափակման, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում):

 

 

 

ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃԵԼ Է

Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ  բժշկական նորմաների, մարտի 1-ի դրությամբ ընթացիկ գներով կազմել է 60 հազար 580,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ: Այս մասին տեղեկացրել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 3,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով:  Արցախի Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա դեկտեմբերի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հանրապետությունում կազմել էր 59 հազար 679,3 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ:

 

 

 

157 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, առողջացել է 117 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 4372 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 733 639-ի:  Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  172 216 դեպք, որոնցից 163 511-ը` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:

 

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«ԳԵՏԻԿՀԷԿ» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ընկերության ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կառուցված             «ԳԵՏԻԿՎԱՆՔ» ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման հայտով: Առաջարկվող սակագինը` 24.402 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ): Հեռ.՝ +374 (93) 490919 581213, հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գ. Վարդահովիտ, 1փ, 1փկղ., տ.2:

 

 

 

ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առեւտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, հիմնադրամի ներկայացուցիչներ: «Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռարկենք, եւ, որ ամենակարեւորն է, սա դիտարկելով որպես ծառայություն՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի եւ ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը եւս ողջունել է ներկաներին եւ նշել, որ  քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։ «Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաեւ, որ Արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետեւաբար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք եւ ձեւավորել օրակարգ հետագա բարեփոխումնեի համար»,- ասել է Տիգրան Դադունցը։ Անդրադառնալով օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը՝ նա նշել է, որ դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաեւ փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։

Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, որոնք առավելապես վերաբերել են գործարքների վավերացմանը, կողմերի ծանուցմանը, կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարմանը եւ այլն: Փոքր հայցապահանջների դատական քննության առումով քննարկում է ծավալվել պարզեցված վարույթի եւ արագացված դատաքննության կարգերի կիրառման հարցերի շուրջ, նշվել է նաեւ պարզեցված վարույթի եւ վճարման կարգադրությունների մեխանիզմների արդյունավետության մասին: Հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրների առնչությամբ տեղի ունեցած քննարկումը վերաբերել է ոլորտում սպասվող նոր փոփոխություններին։

 

 




Լրահոս