ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բացվել է 44-օրյա պատերազմի հերոս, եղվարդցի Լեւոն Հովհաննիսյանի անունը կրող նախակրթարան: Նախակրթարանը օրհնել է Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը: Միջոցառմանը ներկա են եղել Լեւոն Հովհաննիսյանի հայրը, տատիկը, մայրը, եղբայրները:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորո՞ւմ է դրանք:

Արտակ Սեդրակյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։

«ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ.  Ո՞ր դեպքերում անձը կարող է ստանալ անժամկետ հաշմանդամություն:

Անահիտ Վարդանյան (54  տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ hաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզներ (վերին եւ ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):




Լրահոս