ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողներին փոխանակ շնորհակալություն հայտնենք, խարդախության հոդվածով մեղադրում ենք շատերին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Զինծառայողներին փոխանակ շնորհակալություն հայտնենք՝ 44 օր անհավասար պայքարում մարտնչելու եւ ողջ մնալու, մեր մնացած հայրենիքը պաշտպանելու համար, խարդախության հոդվածով մեղադրում ենք շատերին:

Ի՞նչ խնդիր է առաջացել:

Այն զինծառայողները, ովքեր իրենց բնակավայրից 30 կմ հեռու են ծառայում եւ չունեն բնակարան ծառայության վայրում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված ձեւով ստանում են վարձով բնակարանի համար փոխհատուցում՝ ըստ ընտանիքի անդամների քանակի: Քանի որ շատ մարդիկ չեն ցանկանում պայմանագրա-իրավական հարաբերություններ հաստատել եւ բնակարանը վարձով են տալիս՝ հրաժարվելով պայմանագրեր կնքել, շատ դեպքերում զինծառայողները ապրում են մի բնակարանում, բայց այլ բնակարանի մասով են պայմանագիր ներկայացնում՝ պետությանը վճարելով հարկ ու տուրքերը: Բացի այդ, տարեկան մեկ անգամ Կադաստրի կոմիտեից տեղեկանք են ներկայացնում եւ այլ պահանջվող փաստաթղթեր, որպեսզի օգտվեն օրենքով իրենց հասանելիք գումարից:

Եւ ահա պատերազմից հետո բանակի ղեկավարությունը նոր հրահանգ է տվել՝ ստուգել վարձով ապրող զինծառայողների գործերը, եւ շատ շատերին խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել, պարտադրում են պետությանը վերադարձնել ինչ-որ գումարներ: Ինչո՞ւ, հարգելինե՛րս. զինծառայողները օգտվում են օրենքով իրենց հասանելիք գումարներից. Ինչո՞ւ եք մարդկանց հանցագործ որակում:
Ի վերջո մարդը կարող է տուն չունենալ ծառայության վայրում, ոչ էլ վարձել որեւէ բնակարան, այլ ամեն օր 50 կամ 60 կմ ճանապարհը գնա իր տուն, գա՝ ծառայության: Ինչո՞ւ եք մարդկանց դատապարտում՝ իրենց հասանելիք գումարից օգտվելու իրավունքը իրացնելու համար: Ի վերջո չմոռանանք՝ եվրոպական շատ երկրներում մարդիկ սեփական ծնողներին իրենց տանը պահելու համար պետությունից բնակարանի վարձի գումար են ստանում: Ուրեմն ի՞նչ, բոլորին դատապարտե՞ն:

Ես այս առիթով խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորը, առանց բացառության, պնդում են, որ զինծառայողներին այդ մեղադրանքները չպետք է առաջադրվեն: Պետք է բոլոր գործերը կարճվեն, եւ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է հրաժարվի տրված այդ անհեթեթ հրահանգից եւ պահանջվող հետգանձումներից:

Երեկ փորձեցի հարցի լուծման մասով հրապարակավ խոստում ստանալ ՀՀ կառավարությունից, բայց չստացվեց: ՀՀ պաշտպանության նախարարը առանց ԱԺ-ին զգուշացնելու բացակա էր: ԱԺ նախագահն ասաց, թե գնացել է հայրենիքի սահմանները պաշտպանելու, առաջարկվեց գրավոր ուղարկել հարցս: Արվել է: Բայց հարցի լուծումը խիստ հրատապ է եւ արդիական:




Լրահոս