ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեւանի քաղաքապետը մայթը վարձով է տվել. ինչ գումարների մասին է խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Տիգրան Մեծ փողոցում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց՝ Կենտրոն դատարանի կողքին, հենց մայթի վրա առեւտրի տաղավարներ են կառուցվում: Մայթը, որ կոչված է ծառայելու անցորդներին, վերջին օրերին վերածվել է շինհրապարակի։
Այս մասին ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Անցորդների սեփականություն հանդիսացող մայթը Երեւանի քաղաքապետարանը վարձով տվել է ինչ որ ընկերության՝ կոմերցիոն նպատակներով: Այսինքն՝ առևտուր, բիզնես անելու նպատակով՝ հուշանվերների անվան տակ։

Թեև փնթի շինհրապարակի թիկունքում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, այնուամենայնիվ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այս տարածքը վարձով տալուց առաջ չի լսել անգամ եկեղեցու կարծիքը:
ArmLur.am-ը քաղաքացիների ահազանգի հետքերով գնաց նոր կառուցվող տաղավարի տարածք եւ պարզեց, որ շինարարությունն իրականացնում է նորաբաց մի ընկերություն «Միրաժ 2020» անունով, որը 5 տարի վարձակալության իրավունք է ստացել և պարտավորվել 30 մլն դրամի չափով ներդրում անել՝ ուղղված Երևանի զարգացմանը կամ Օղակաձև զբոսայգու բարեկարգմանը։ Թե որտեղ է ծախսվելու այդ 30 մլն դրամը դժվար է ասել, համենայնդեպս շինհրապարակում դեռ հազիվ մի 3 մլն դրամի ծախս է նկատվում։

Նկատվում է, որ Երևանի կենտրոնում առկա շինհրապարակի մոտ աղբանոց է, որի վրա աչք է փակում Երևանի քաղաքապետարանը։ Ինչո՞ւ։ Համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս նախագծի թիկունքում կանգնած են Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը եւ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Մենք փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Հարությունյանի հետ, բայց զանգին պատասխանեց նրա քարտուղարուհին, վերցրեց մեր հեռախոսահամարը, խոստացավ, որ կփոխանցի Հարությունյանին: Բայց այդպես էլ չզանգահարեցին։
Իսկ ահա Հովիկ Սաֆարյանի խոսքով, դա կառուցվում է ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ առեւտրականների բողոք-խնդրանքների արդյունքում:

ArmLur.am-ի հարցին՝ արդյոք եկեղեցու կարծիքը քաղաքապետարանը լսել է, մինչեւ մայթը վարձով տալը, Սաֆարյանն ասաց. «Եկեղեցու համաձայնություն օրենքով չի պահանջվում, քանի որ այն եկեղեցապատկան հողամաս չէ: Ինչ վերաբերվում է եկեղեցու տեսքը խաթարվելու հարցին, ճարտարապետները համապատասխան ուսումնասիրություն կատարել են եւ էսքիզը հաստատել են այնպիսի տեսքով, որ եկեղեցու ճարտարապետական տեսքի հետ համահունչ լինի»:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ մրցույթը չի անցկացվել առեւտրի վարչության կողմից, անգամ նշված վարչությունը մրցույթային հանձնաժողովի կազմում ընդգրկված չի եղել. «Գոյություն ունի առանձին մրցույթային հանձնաժողով, որի մեջ ընդգրկված են եղել ավագանու անդամներ եւ այլ ստորաբաժանումներ, որոնք հավանություն են տվել եւ իրենց տված եզրակացության հիման վրա է վարձակալության տրվել տվյալ տարածքը: Բավականին լայն մայթ է, եթե նկատել եք միշտ առեւտուր է եղել, եղել է ծաղկի ստենդ, այդտեղով մարդիկ չեն քայլել, զուգարաններ են տեղադրվել, այդտեղ անցուդարձի խնդիր չի եղել»:

Իսկ իրավաբանորեն «Միրաժ 2020» ընկերության տնօրեն Հովհաննես Երանոսյանը ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց. «Մայթի հաշվին քաղաքում գյուղատնտեսական շուկա է ստեղծվում, հիմա մեկ քաղաքացու դա վնաս է, կարող է հարյուր քաղաքացու համար լավ լինի»:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ Երևանի կենտրոնում այսպիսի փնթի վիճակ ունենալու լիազորություն երևանցին չի տվել քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս