ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԺԱՄԿԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս տարվա հոկտեմբերին Սահմանադրություն փոխելու մտադրության եւ կիսանախագահական կառավարման ռեժիմի վերադառնալու մտադրության մասին եւս: Նիկոլ Փաշինյանի կողմից այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ստացվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին, մյուս կողմից՝  հայտարարում, թե հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ են լինելու: Ստացվում է՝ Փաշինյանը, ամեն դեպքում, դիտարկում է մինչեւ հոկտեմբեր վարչապետի պաշտոնին մնալու տարբերակը:

 

Այստեղ հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր  վեցամսյա ճանապարհային քարտեզ՝ 15 կետից բաղկացած: Այսինքն՝ ժամկետը պետք է ավարտվեր արդեն այս տարվա հունիսին, որը ենթադրելու տեղիք էր տվել, թե հենց հունիսին էլ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ իշխանությունների ժամկետը եւս վեց ամսով է: Այսինքն՝ ստացվում է՝ դեռ մի քանի ամիս առաջ Փաշինյանի իշխանությունը եկել էր վեց ամսով, հիմա էլ խոսում է արդեն հոկտեմբերին իր դեմքով սահմանադրական փոփոխությունների գնալու մասին:

Սակայն հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին՝ նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։ Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, եւ փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, եւ բուֆեռ էր առաջանում։ Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք»:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս.  երեկ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, եւ արդյունքում վերջինս իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից: Նկատենք՝ մինչ աս որոշումը, երբ Արմեն Սարգսյանը Փաշինյանին հետ էր վերադարձրել առաջարկությունը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում եւ հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ, պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ դիտարկում էր նրան անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ՝ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները: Երեկ արդեն իրավիճակը 180 աստիճան փոխվեց, երբ Արմեն Սարգսյանի կողմից  նման որոշում կայացվեց, եւ հայտարարությունները նրա հասցեին այլ բնույթի եղան: Նկատենք՝ Փաշինյանի կողմից կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու մասին  հայտարարությունն արդեն իսկ ենթադրությունների տեղիք էր տվել, թե նախօրեին Փաշինյանն ու Սարգսյանը հանդիպել են, եւ վերջինս նոր լիազորություններ կարող է ստանալ: Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից:

Ն.Հ.

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնին նշանակելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաեւ նրա անցած ճանապարհը, պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը եւ հանրային տրամադրությունները:

 

 

 

ԽՆԴՐԵԼ Է ՕԳՆԵԼ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում: «Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ` դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Քանի որ երբ խոսքը վերաբերում է կանանց, դա հատկապես զգայուն է, դա շատ մտահոգիչ է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն:

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ

Երեկ Երեւանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել հաստիքը կրճատելու ճանապարհով։ Այս մասին նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, որը պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից եւ դրա համար հիմավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։ Այս մոտեցումը շատ արատավոր է, քանի որ ստացվում է, որ համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ։ Սա երկրորդ դեպքն է, երբ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվում է միմիայն այն պատճառով, որ աշխատակցին օրինական ազատման հիմքեր չեն գտնվում, եւ նախաձեռնվում է հաստիքացուցակի փոփոխություն։ Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունը այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը, իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր եւ ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»,- գրել է նա:

 

 

 

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վերացվել է Վրաստան օդային ճանապարհով մուտքի արգելքը։ Սահմանն անարգել հատել կարող են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ոչ ուշ, քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն անցակետում։ Մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով՝ Վրաստան օդային տարածքով մուտքի արգելքը չեղարկվել է նաեւ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների ու բնակիչների համար։ Սակայն երկրի ցամաքային եւ ծովային սահմանները դեռեւս շարունակում են փակ մնալ։ Ըստ նոր կարգավորումների, որոնք վերաբերում են նաեւ հայաստանցիներին՝ Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներն անցակետում պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ ստացված ժամանմանը նախորդած 72 ժամվա ընթացքում։ Իսկ արդեն ժամանման երրորդ օրը քաղաքացին պարտավոր է եւս մեկ թեստ հանձնել սեփական միջոցներով։

Մինչեւ երկիր մուտք գործելն անհրաժեշտ է լրացնել առցանց ձեւաթուղթը, որը կներկայացնի նախորդ երկու շաբաթում ուղեւորի ճամփորդական պատմությունը։ Այս ձեւաթուղթը հասանելի է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։ Փետրվարի 1-ից Վրաստանը հանել է նաեւ միջագային կանոնավոր ավիաուղեւորափոխադրումների արգելքը։ Երեւանը Թբիլիսիին կապող կանոնավոր չվերթներն այժմ շաբաթական երկուսն են։ Մարտի ընթացքում մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 110-150 հազար դրամ:

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ

Ազգային ժողովը հետաձգել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել։ «ԲԴԽ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետեւ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրություն կատարի։ Թեկնածուին ներկայացնողը եւս չի եկել, ուստի կհետաձգվի հարցի քննարկումը», – ասել է Միրզոյանը։ Նշենք, որ Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն Ազգային ժողովի երեկվա նիստի օրակարգում էր։

 




Լրահոս