ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման եւ այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել եւ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ: Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ եւ Ալվանք բնակավայրերի, Տաթեւ համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արեւիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր եւ Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ  ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքերին:

 

Դրանցից երեք քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնութը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, եւս մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձեւական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում՝ համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին:

Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման եւ շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաեւ վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասները, տվել խոստովանական ցուցմունքներ՝ նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։  Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսեւորված հետեւողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:

 

 

 

ԾՆՈՂՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի եւ Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող  Հ. Ա.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին, վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

 

Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե, իբր, ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս, նախ, այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30.000 ԱՄՆ դոլար արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության եւ կամքի վրա ներազդելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե, իբր, նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձեւակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 24-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7.896.750 ՀՀ դրամին համարժեք նշված 15.000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց եւ կրկին վստահեցնում է, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

 

 

 

ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ

«Վարչապետը պետք է մեկնաբանի՝ որտեղից իրեն այդ տվյալները»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։ «Հասկանալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կանգնած են բանակի կազմավորման ակունքներում, եւ իրենք ունեն իրավունք խոսելու բանակի գեներալների եւ զինվորականների հետ, բայց եթե Սերժ Սարգսյանն է կանգնած այդ հայտարարության հետեւում, այդ տեղեկություններն իրեն որտեղի՞ց»,- ասել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակում «Իսկանդեր»-ի մասին իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գերագույն գլխավոր հրամանատարի։

«Վարչապետ կոչեցյալը ե՞րբ չի իր ասածները փոխել։ Ինքը մի բան խոսում է, մի արտահայտություն անում է, հետո ինքը կամ իր թիմակիցներն են հղկում իր ասած սխալները։ Ինքը չի տիրապետել իրականությանը։ Հատկապես պատերազմական վիճակում նման լուրջ զինատեսակի վերաբերյալ իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գլխավոր հրամանատարի։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ միայն գերագույն գլխավոր հրամանատարի, այլ նաեւ հասարակ սերժանտի ունակություններ էլ չունի»,- նշել է Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի հայտարարությանը, որով նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, Օհանյանը շեշտել է, որ իրենք չունեն բարոյականության եւ մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը։

«Անվտանգություն խորհուրդը ենթարկվում է վարչապետին, ինչ ասես կարող է ասել, բայց իրենք պետք է հեռու մնան բանակից, ձեռքերը հեռու պահեն Գլխավոր շտաբի պետից, որովհետեւ իրենք չունեն բարոյականության եւ մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը»,-ավելացրել է Սեյրան Օհանյանը։

 

 

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք եւ հետ»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 




Լրահոս