ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԻՇՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԳՐՈՂ ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում ողբերգական ավտովթարի հետեւանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել է գրող Սոսի Խանիկյանը: Նա նաեւ աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության եւ ստեղծարար ծրագրերի ղեկավար։

 

Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղի՛ր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» եւ այլն: Նա նաեւ վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սեւակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:

Սոսին ընդամենը 35 տարեկան էր…

Երիտասարդ, տաղանդավոր Սոսիի մահվան լուրը շատ հայտնիների սիրտն է փոթորկել, եւ վերջիններս վերջին անգամ իրենց սրտի խոսքն են գրել նրա մասին:

« Սոսիի առավոտը էսքան դաժան չէր կարող լինել: Անհավատալի, անդառնալի կորուստ բոլորիս համար, Արցախի համար…Որովհետեւ քո հրաշք խոսքերով բոլորս «Ելանք մարտի, խաչով ու զենքով, որ բարին հաղթի…», բայց քո դեպքում չարն ավելի զորեղ գտնվեց… Սոսիի հետ աշխատել եմ մի շարք պրոյեկտներում, ուղղակի չեք կարող պատկերացնել իր կրթվածության բարձր աստիճանը, հայրենասիրությունն ու հայրենիքի համար ամեն վայրկյանն ապրելու կարողությունը…Պատերազմի օրերին իր էջում տեղադրում էր զինվորների եւ փիսիկների նկարներ, եղբորս լուսանկարը եւս կար, ու երիտասարդներին չճանաչելով հանդերձ՝ այնպիսի գրառում էր կատարել, որտեղից երեւում էր սերն առ հայրենիք, բանակ, զինվոր ու կենդանիներ… Աստված լուսավորի հոգիդ, հրա՛շք Սոսի…»,- գրել է Անի Գեւորգյանը:

Իսկ դերասանուհի Հակինթ Բախդասարյանը Սոսիի մասին նշել է. «Սոսի՛, քո երգերի տակ միասին պարում, միասին ամրանում էինք, իմ լո՛ւյս Սոսի, ների՛ր, քեզ պես գրել չեմ կարող, բայց լռել՝ նույնպես: Սոսի Խանիկյանը ազնիվ մարդ, նվիրված ընկեր, տաղանդավոր գրող, արժանավոր հայ էր: Սոսին հավերժ կմնա մեր սրտերում: Սոսի՛ս, քո ստեղծագործությունները` երգերը, բանաստեղծությունները, ֆիլմերն ու արվեստը, կփոխանցվեն սերունդներին»:

Իսկ դերասան Սոս Ջանիբեկյանը, անդրադառնալով Սոսիի մահվան լուրին, գրել է. «Չեմ կարա հավատամ, երդվում եմ … Մորս աղջկա պես էր, ինձ՝ քրոջ, մեր ընտանիքի անդամն էր … Չի լինում հավատալ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարեւանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի  1-03 շտապօգնություն եւ օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել…

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍԱԼՈՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ավանդական դարձած «Գարնանային սալոն» խորագրով ցուցահանդեսում այս տարի ներկայացված է երկու հարյուր եւ ավելի ցուցանմուշ՝ քանդակներ, կտավներ, արվեստի այլ յուրատիպ գործեր:

Ցուցահանդեսին, որը բացվեց մարտի 1-ին Նկարիչների միությունում, ցուցադրված են միայն միության անդամների ստեղծագործությունները:

«Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան երկու հարյուր արվեստագետ, որոնց աշխատանքները ներկայացված են Նկարիչների միության երեք հարկում»,-հայտնել է միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու հույս հայտնել, որ ցուցանմուշները դուր կգան բոլոր այցելուներին: Նա ներկաներին շնորհավորեց գարնան առաջին օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, իսկ երկրին՝ խաղաղություն:

Նկարիչ Յուրի Խաչանյանը, որը ներկայացրել է «Տագնապ» կտավը, նշեց՝  համավարակը, պատերազմը իրեն ստիպել են դադար առնել, հետո միայն շարունակել աշխատանքը: Նկարիչը չի մասնակցել «Աշնանային սալոն» ցուցադրությանը, հետո կարծել է, որ մեկուսանալը ճիշտ չէ, եւ պետք է վերադառնալ միություն, որն իր հարազատ տունն է համարում, եւ մասնակցել «Գարնանային սալոն»-ին:

«1981 թվականից Նկարիչների միության անդամ եմ եւ միշտ ակտիվ եմ եղել, հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, ստեղծագործել եմ: Ե՛վ իմ, ե՛ւ միության համար հիմա նոր փուլ է սկսվում. անհրաժեշտ է վերադառնալ մեր ստեղծագործական կյանքին, ցույց տալ, որ ապրում ենք, շնորհալի, տաղանդավոր ազգ ենք: Փոքրաթիվ ենք, բայց արարում ենք: Վստահ եմ, որ յուրաքանչյուր նկարիչ  եթե ոչ 5 հազար, ապա հազար գործ ունի»,- նշել է Խաչանյանն ու հավելել, որ  այդ գործերը մեր երկրի զենքն են:

Անդրադառնալով ոլորտի բացերին՝ նկարիչն ընդգծել է, որ չկան քննադատներ, որոնք կլինեն նկարիչների կողքին, կոգեւորեն նրանց: Խաչանյանի խոսքով՝ ժամանակին այդ գործառույթն իր ուսերին է վերցրել Հենրիկ Իգիթյանը, որը սերունդների է կրթել:

 

 

 

ՀԱՆԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման մասին: ««Սպեցիան» ապացուցում է, որ նրանք պատրաստ են խաղալ A Սերայում եւ անցկացնում են հաջող մրցաշրջան: Նրանք կարողացան լավ արդյունքեր գրանցել նաեւ առաջատար ակումբների դեմ խաղերում: Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Դա կարեւոր հանդիպում է մեզ համար, քանի որ շարունակում ենք պայքարը չեմպիոնության համար: Պետք է ինտենսիվ գործենք առաջին րոպեներից: Գիտենք, որ անհաջող ենք խաղացել 4 հանդիպումներում, սակայն յուրաքանչյուր խաղ առանձին պատմություն է: Մենք վերլուծել ենք սխալներն ու կփորձենք խուսափել դրանցից»,- ասել է մարզիչը:  «Յուվենտուս»-«Սպեցիա» խաղը տեղի կունենա մարտի 2-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Վերջին 5 խաղերից 4-ում թուրինյան ակումբը չի հաղթել:

 

 

 

ԽԱՂԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի  «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը: Այս մասին հայտնում է FootMercato-ն` հղում կատարելով Le Parisien-ին: 29-ամյա բրազիլացին շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում կայացած «Կաենի» դեմ խաղում (1: 0): Ակումբը հույս ուներ, որ Նեյմարը ժամանակ կունենա վերականգնելու համար: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, նա հաստատ չի խաղալ ո՛չ Լիգա 1-ի «Բորդոյի», ո՛չ էլ Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ եւ, հավանաբար, բաց թողնի «Բարսելոնայի» հետ խաղը: Նշվում է, որ ՊՍԺ-ն չի ցանկանում վտանգել Նեյմարի առողջությունը: ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 10-ին: Առաջին խաղն ավարտվեց փարիզյան ակումբի՝ 4:1 հաշվով հաղթանակով:

 

 

 

ՀԱՄԱԼՐԵԼ Է

Երեւանի «Նոա»-ի կազմը համալրել է 21-ամյա ռուս դարպասապահ Նիկոլայ Նովիկովը. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի փոխչեմպիոնը վարձակալել է Նովիկովին: Դարպասապահը «Չերտանովոյի» սան է, հանդես է եկել «Չերտանովոյի» եւ «Մորդովիայի» երկրորդ թիմերում: Նրա նախորդ թիմը եղել է Մոսկովյան «Ռոդինան», որի դեմ «Նոան» խաղացել էր ԱՄԷ-ում տեղի ունեցած հավաքի ընթացքում:

 

 




Լրահոս