ՉՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոշ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ցույցերի մասին:

 

-Ընդդիմությունը կրկին հանրահավաքի կոչ է անում Բաղրամյան պողոտայում: Ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նշում, որ նույնիսկ բանակն է իր կողքին: Դուք կիսո՞ւմ եք ընդդիմության դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը պե՞տք է հեռանա, քանի որ դա նաեւ բանակի պահանջն է:

-Ես կարծում եմ, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին. հենց մեր Սահմանադրությունը նշում է, որ ապաքաղաքական մարմինները ունեն հստակ պարտականություններ պաշտպանելու երկրի ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը: Ինչ վերաբերում է ընդդիմության ցույցերին, դրանք քաղաքական պրոցեսներ են: Միշտ  լինում են պայքարողներ, որոնք իշխանության են ուզում գալ, իշխանությունն էլ աշխատում է կարողանալ հասարակության վստահությունը ունենալ ու թույլ չտալ դժգոհության այնքան մեծ ալիք բարձրանա, որ ընդդիմությունը կարողանա հասնել իշխանության: Այսօր նմանատիպ պրոցեսներ են գնում: Կարծում եմ՝ իրենք հասարակության կողմից վստահություն չունեն եւ հաջողության չեն հասնի: Այս պրոցեսները կդադարեն, քանի որ կսպառեն իրենց՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, թե ընդդիմության կողքին ովքեր են կանգնած. մարդիկ են, որոնք նախկինում եղել են իշխանության եւ 25-30 տարի մեր երկիրը կեղեքել են, եւ հիմա այն խնդիրները, որոնք կուտակվել են մեր երկրում, հենց առաջին հերթին իրենք մեղքն է:  Չեմ բացառում, որ գործող իշխանությունը նույնպես ունի սխալներ, որոնցից պետք է դասեր քաղել, հետեւություններ անել եւ ճիշտ քայլեր կատարել սխալներն ուղղելու ուղղությամբ:

-Կարծում եք, որ ընդդիմությունը պայքարում է միայն իշխանության գալո՞ւ համար, թե՞ իսկապես մտահոգված է Արցախի կորստի համար, Հայաստանի սահմանների անվտանգության համար: Դուք կարծում եք, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներն ընդամենը աթոռակռի՞վ են անում:

-Հաշվի առնելով, թե որ ուժերն են այնտեղ հավաքված, նրանք եթե շատ էին մտահոգված Արցախի հարցի լուծմամբ, իրենք պետք է 30 տարի այնպես աշխատեին, որ տնտեսապես Հայաստանին հզոր երկիր դարձնեին, ոչ թե ունենային դղյակներ: Պետք է ունենայինք զինված, մարտունակ բանակ: Մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է արտաքին հարաբերություններով այդ հարցը կարգավորենք, բայց արտաքին հարաբերություններում տարիներ շարունակ այն ակտերը, որոնք եղել են, դրանք եղել են՝ ի վնաս Հայաստանի, կա՛մ պետք է տնտեսապես հզորանայինք, հզոր բանակ ունենայինք, քանի որ բանակի հզորությունը պայմանավորված է տնտեսական ներուժով: Ստացվում է, որ ո՛չ արտաքին հարաբերություններում ենք հաջողություն ունեցել, ո՛չ տնտեսական առումով: Երկու տարում 30 տարիների բացը վերականգնել  հնարավոր չէր:

-Նույն ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է այն բանի համար,  որ չկարողացավ բանակցել, ինչի պատճառով Ադրբեջանը սկսեց պատերազմը: Այսինքն՝ նույն ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ պատերազմի պատճառը հենց իշխանության վարած քաղաքականությունն է եղել:

-Ես կարծում եմ, որ այն բանակցությունները, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել, հանգել են մի կետի, որ պետք է Հայաստանը զիջեր տարածքներ առանց Արցախի կարգավիճակի, ինչին դեմ էր թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչությունը: Հետեւաբար այս պարագայում բանակցային գործընթացը նոր ուղիով տանելն էր, քանի որ նախորդ բանակցությունը շարունակել չէր լինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԳՇ ՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հրամանագիրը երկրորդ անգամ չստորագրելու եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու նախագահ Արմեն Սարգսյանի նախօրեին արված  հայտարարությունից հետո՝ երեկ  առավոտյան, հայտարարությամբ հանդես եկավ Զինված ուժերի գլխավոր շտաբը, թե հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը։

 

«Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է՝ օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով եւ ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ, Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ եւ վերաբերող մասով, Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են օրենքի 35?1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո՝ 8 օր։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին եւ ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։

Գլխավոր շտաբը հղում է կատարում «Զինվորական ծառայության եւ զիծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35?1 հոդվածի այն ձեւակերպմանը, որ եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում հանրապետության նախագահի առարկությունը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

«Հիմա, քանի դեռ նախագահի դիմումը Սահմանադրական դատարանի վարույթում է, նշանակում է` ոչինչ չպետք է փոխվի, այսինքն` պաշտոնազրման պրոցեսը պետք է կասեցվի մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելը, որովհետեւ կարող է Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը լուրջ թերություն ունի: Ստացվում է, որ լուրջ թերությամբ, այսինքն` ոչ իրավաչափ օրենքի հիման վրա՝ ընդունվել է նախագահի հրամանը՝ պաշտոնից ազատելու վերաբերյալ, ստացվում է` այդ հրամանն ընդունվել է ոչ իրավաչափ, այսինքն` հակասահմանադրական օրենքի հիման վրա»:

 

 

 

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

«Նիկոլ Փաշինյանի ասածը իրականությանը համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանենք»,-ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

 

 

 

ՈՐՈՇՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը օրերս եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Նրան ֆիքսել են վարչապետի հետ ընտանեկան միջավայրում։ Դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։

«Ժողովուրդ» օրաթերթին դատական շրջանակներից լուրեր հասան այն մասին, որ այդ մտերմիկ հանդիպման ժամանակ  վարչապետը հավաստիացրել է, որ խորհրդարանում բարձր ձայներով Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, այլ ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել են, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։ Նրանք նաեւ քննարկել են, թե  Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր»,  եւ ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ։

 

 

 

ԱՐԳԵԼԵԼ Է ՆԵՐԿՐՈՒՄԸ

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Դրղզստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի փետրվարին արգելել է Ադրբեջանից շուրջ 85 տոննա լոլիկի ներկրումը. գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։ «Փետրվարին՝ մուտքային ապրանքների ստուգման ժամանակ, վարչությունը Ադրբեջանից 84,7 տոննա լոլիկի խմբաքանակներում հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց։ Կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր զեկույցով»,- հայտնել են գերատեսչությունից։

«Բույսերի կարանտինի մասին» թիվ 206 դաշնային օրենքի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել բեռի տերերը:

Վարակված լոլիկը հետ է վերադարձվել Ադրբեջան: Ընդհանուր առմամբ, 2021թ. փետրվարին Ադրբեջանից եւ Իրանից ստացվել է 39,15 հազար տոննա միրգ (խնձոր, արմավ, կիվի եւ այլն) եւ 14 201 հազար տոննա բանջարեղեն:

 




Լրահոս