ՀԱՎԱՔՆԵՐ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչեւ տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Սռողջապահության համաշխարհային կազմակերպությունը: 

 

Փաստացի այս պահին բուժվում է 4889 պացիենտ. մեկ օրում ավելացել է 189-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 163 906 անձ, վերջին մեկ օրում՝ 168 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3202 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Աշխարհում եւ Հայասատանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում: Կհիշեք՝ մարտի 1-ին հենց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամամարդ հանրահավաք անցկացրեց, բայց ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները:

Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության կողմից վարվող քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Բայց, արի ու տես, մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով  այն դեպքում, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են: Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված նոր կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, եւ, իհարկե, մտահոգված են: Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները եւ չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացի տուգանվեց 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար:

Ընդդիմության եւ իշխանության հրավիրած հավաքներին, սակայն, 3 կարեւոր անվտանգության նորմ՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը եւ ձեռքերի հիգիենան, խախտվում է:

Նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչեւ 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Իսկ արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ եւ այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա, քանի որ, ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»:

Ս.Հ.

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի տարածք օտարերկրացիների մուտքի նոր ռեժիմի կազմակերպման հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշել է, որ այս հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպմանը: «Մարդիկ, որոնք Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն չունեն, սկսում են խնդիրներ ունենալ: Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, նրանք սիրում են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, իսկ գալիք ամռանը կարող է մի իրավիճակ լինել, երբ շատերը կցանկանան մեկնել Լեռնային Ղարաբաղ, սակայն չեն կարողանա անել դա այս ռեժիմի պատճառով»,- ասել է նա: Նրա խոսքով` խոսքը Ստեփանակերտ, Մարտակերտ կամ հայկական կողմի եւ ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքի այլ շրջաններ հասնելու մասին է:

«Այժմ նոր ռեժիմն այնպիսին է, որ մեկնելուց յոթ օր առաջ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, ապա ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին, դրանից հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով` ոչ»,- պարզաբանել է Սինանյանը:

 

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած նախագիծը ստացավ 91 «կողմ», 6 «դեմ» եւ 21 «ձեռնպահ» ձայներ: ««Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք: Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Աժ-ում ընդունվել է նաեւ ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը:  Օրենքի նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» եւ 15 «ձեռնպահ» ձայներով: Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: «Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, որտեղ բազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,- նախագծի ներկայացման ընթացքում նշել է նախագծի հեղինակներից Գեւորգ Պապոյանը:

 

 

 

ՄԵԿՆԵՑԻՆ

Մարտի 2-ին Դիլիջան քաղաքում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Հայրենիքի պաշտպաններին ճանապարհեցին հարազատները, մտերիմները, Դիլիջան համայնքի բնակիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվածների հիշատակը։ ԶԶՀԾ Տավուշի թիվ 1 տարածքային ստորաբաժանման  Դիլիջանի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վարդան Ոսկանյանը հարգանքի եւ խոնարհումի խոսքեր հնչեցրեց Արցախում նահատակված տղաների հիշատակին, նշեց, որ  բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, կարեւորեց  ժամանակակից տեխնիկական միջոցներին մեր զինվորների տիրապետման կարողությունը: Նորակոչիկներին մաղթանքներ հղեցին Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը  եւ Դիլիջանի հոգեւոր հովիվ  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Ավանդույթի համաձայն՝ բանակ մեկնողներին հանձնվեցին համայնքապետարանի կողմից պատրաստված առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ:

 

 

 

13 ԶՈՀ, 4 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ

Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան գյուղերը ներառող Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվել են  Նոյեմբերյան համայնքի 13 բնակիչ, ովքեր հուղարկավորվել են։ Համայնքի 4 բնակիչ՝ 2-ը Նոյեմբերյան քաղաքից, Կոթի եւ Բերդավանի  մեկական բնակիչներ,  համարվում են անհետ կորած։

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Հրաչ Խանոյանի եւ Ներսես Բաշխյանի դատավարությունը։ Հրաչ Խանոյանին մեղադրանք է  առաջադրվել  այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կոմունալ շահագործման  ծառայության պետ՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում զորամասի փականագործ Մանուչար Մանուչարյանին հատկացրել է 280 մետր փշալար, որից  հետո նույն ամսվա վերջին կազմել է  զորամասի մի շարք  զինծառայողներին նյութական տարբեր միջոցներ հատկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 22 բաշխման տեղեկագիր, որտեղ մտցրել է կեղծ տեղեկություններ, թե, իբր, Մ. Մանուչարյանին հատկացրել է 2100 մետր փշալար։ Ներսես Բաշխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, իր համար մատչելի գներով բնակարանի ձեռքբերման համար  նախատեսված  սերտիֆիկատ ձեռք բերելու շահադիտական շարժառիթով  2019թ. մարտ-ապրիլ  ամիսներին, միասնական դիտավորությամբ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է  իր ծանոթ, ՀՀ ՊՆ  զորամասերից մեկի կոմունալ շահագործման ծառայության պետ Հրաչ Խանոյանին հափշտակել խոշոր չափերով գումար։ Հրաչ  Խանոյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 314 հոդվածի 1-ին մասով, Ներսես Բաշխյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 34-178 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 1-ին մասով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս