Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները, ուղարկվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։ Այցի ընթացքում արձանագրվել են համակարգային խնդիրներ:
Հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առեւտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել եւ պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաեւ մեթոդական ուղեցույցներ: Փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա, մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր եւ հետեւողական իրականացված աշխատանքի արդյունքում: Անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր եւ անխոչընդոտ ապահովման համար:
Սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական եւ անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները եւ իրական կարիքները:
Սաների խմբերի ձեւավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ եւ մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որեւէ սանի՝ այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Նշված չափորոշիչների եւ դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաեւ հաստատության տնօրինության աշխատանքը: Բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետեւանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռքբերումը, ուստի անհրաժեշտ է մշակել եւ ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ եւ ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաեւ չափահաս սաների, հաստատության աշխատակիցների եւ տնօրենի կողմից:
Որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների եւ խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն եւ մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն:
Չափահաս եւ անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում միասին, ինչպես նաեւ ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք եւ իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական եւ իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին եւ կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային եւ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առավել եւս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:
Սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա:
Հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող եւ պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը եւ փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ եւ ուղարկվել պետական իրավասու մարմնին:
Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում արձանագրել նաեւ դրական զարգացումները, մասնավորապես՝ սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր, ինչը կարեւոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից: Սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաեւ արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ:
Հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ՝ ստեղծագործական, արհեստագործական եւ այլն, ինչպես նաեւ մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով:
Չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի եւ հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների եւ միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում: