Amaras Dance Studio-ն ունի նոր մասնաճյուղ:Պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ նույն հասցեում կգործի պարային ստուդիայի երկրորդ դահլիճ-սրահը:
Արդեն 25 տարի է, ինչ Amaras Dance Studio-ն գործում եւ շարունակում է կրթել մեր ապագա սերունդներին:
ArmLur.am-ը ներկա է գտնվել Amaras Dance Studio-ի պաշտոնական բացման արարողությանը: Վիկա Մարտիրոսյանին եւ նրա սաներին եկել էին շնորհավորելու շոուբիզնեսի հայտնի դեմքերը, ընկերներն ու հարազատները:
«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է սա, եւ այս տարիների ընթացքում իր թիմի հետ միասին շատ խոչընդոտներ է հաղթահարել:
«Բնականաբար, որոշումս շատ վաղուց էի կայացրել, այս ստուդիան պետք է արդեն մեկ տարուց ավել բացված լիներ, քանի որ շուրջ մեկ տարուց ավելի է, ինչ այս տարածքը ես ձեռք եմ բերել, պարզապես հանգամանքների բերումով, երկրում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված, մի փոքր հետաձգվել էին բացման արարողությունը եւ դահլիճների վորանորոգման աշխատանքները: Բայց ինչպես տեսնում եք, մեր համառ աշխատանքների եւ ջանքերի շնորհիվ վերջապես բացվեցինք: Ես այս ստուդիայի հետ կապված շատ-շատ պլաններ ունեմ: Ամենաառաջին հերթին ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, որպեսզի կարողանանք իրագործել այն ծրագրերը, ինչը որ տարիներ շարունակ գծել եւ նախատեսել ենք: Նոր ստուդիայում ունենք երկու դահլիճ, ինչպես նաեւ գործելու է հին դահլիճը, որը գտնվում է նույն տարածում՝ անմիջապես դիմացը, եւ հիմա կարող ենք միաժամանակ երեք դահլիճում աշխատել: Դա իմ երազանքն էր, եւ, փառք Աստծու, իմ սաները շատ-շատ են, եւ ես ամեն ինչ արել եմ, որ իրենք իդեալական կրթություն ստանան, եւ ունեմ այնպիսի պրոֆեսինալ թիմ, որոնցով միշտ հպարտացել եմ, եւ իրենց արդեն նոր դռներ, նոր հնարավորություններ էր պետք: Մենք շատ մարտական ենք տրամադրված, սպասեք մեծ նորությունների»,-ընդգծեց Վիկա Մարտիրոսյանը:
Մեզ հետ զրույցում փոքրիկ տաղանդավոր երգչուհի Նանուլը նույնպես շնորհավորեց մայրիկին եւ նկատեց, որ ցանկանում է, որ նա մի փոքր էլ իր համար ժամանակ գտնի եւ իր տեսահոլովակների համար նոր բեմադրություններ անի:
Վիկա Մարտրոսյանին էր եկել շնորհավորելու նաեւ դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը. «Շնորհավորում եմ իմ տաղանդաշատ ընկերոջը, նրան մաղթում եմ ամենալավը, թող միշտ կրթի եւ դաստիարակի լավ մարդիկ, եւ թող շատ լինեն նմանատիպ պարային ստուդիաները, քանի որ լավն է, առողջարար է եւ, ամենակարեւորը, պրոֆեսիոնալ է: Շնորհավորում եմ եւս մեկ անգամ ընկերներիս»:
Իսկ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միշտ ուրախանում եւ հպարտանում է իր սիրելի գործընկերոջ ձեռքբերումներով:
«Ապրես, Վի՛կ ջան, շատ սիրում եւ շնորհավորում եմ: Միշտ առա՛ջ»,- մեզ հետ զրույցում հավելեց երգիչը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՕՆԼԱՅՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՇԱՐՔ
Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին «Behappy.Technology» օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։
Համերգը հեռարձակվելու է աննախադեպ եւ նոր հարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանն են ներկայացնելու համերգներ, ինչպես նաեւ երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։
Հայ ուսանողների համար դասընթացներ կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ «BeHappy.Technology» մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր եւ յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ, մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաեւ իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։
Հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։
Ժորա Սարգսյանն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի եւ այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների եւ ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում, Հայաստանում, Վրաստանում: Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալլինի, Վիլնյուսի եւ այլ քաղաքների կոնսերվատորիաներում:
ՉՆՎԱՃԵՑ
Ղազախստանի նորընծա չեմպիոն «Կայրաթը» չկարողացավ նվաճել երկրի Սուպերգավաթի եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում Ալմաթիի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով (4:2) պարտվեց Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, եւ անմիջապես նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհանիիսյանը «Կայրաթի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Հովհաննիսյանը չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը: Եզրափակչում «Տոբոլի» մրցակիցը կլինի «Աստանան», որը 2:0 հաշվով հաղթել էր Կարագանդայի «Շախտյորին»: Գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը եւս մասնակցել էր ամբողջ հանդիպմանը՝ «Աստանայի» կազմում նորամուտը նշելով պաշտոնական խաղերում: