ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՍ ԱԱԾ ՊԵՏԻՆ ԷԼ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում են Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի, այսինքն՝ վարչապետին ենթակա մարմին: Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների կառավարում, պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում եւ բացահայտում եւ այլ գործառույթներ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության մարմին, սակայն հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ավելին՝ ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Միեւնույն ժամանակ, Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կունենան նույն լիազորությունները, ինչ այժմ ունեն՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ:

Հարկ է նշել՝ սա նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում նաեւ այս ԱԱԾ տնօրենին, քանի որ իր անձնական պաշտպանությունը ՊՊԾ-ի միջոցով ԱԱԾ-ն էր իրականացնում։

Հիշեցնենք, որ երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հինգ ԱԱԾ տնօրեն է փոխել, անգամ նրանցից մեկին ազատեց արցախյան պատերազմի ընթացքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգեւավճար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն եւ խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգեւավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ եւ ինչ առիթով: Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգեւատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգեւատրում («Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով։ Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգեւատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝ հունվար ամսվա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ։

 

 

 

 

Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին եւս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը եւ նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են պաշտոնից եւ կանգնում Գլխավոր շտաբի կողքին։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, եւս 40 գեներալներ ու գնդապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։ Փոխմարզպետ է նաեւ Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին։

 

 

 

 

Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը. օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում. «Այս պահին տեղական շուկայում թուրքական ծագման լոլիկ կա, դուք ինքներդ կարող եք մոնիտորինգ անել մեծածախ շուկաներում, փաստացի կտեսնեք, եւ բավականին էժան է տեղական արտադրանքից»: Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագման բանջարեղենը. լոլիկն այնտեղ մայիսին հասնում է։ Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից։ Ստացվում է, որ դարձյալ տուժելու են հայրենի գյուղատնտեսները:

 

 

 




Լրահոս