Բաղրամյան պողոտայում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: ArmLur.am-ը զրուցել է քաղաքապետի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:
-Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպեսզի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմությունը լքի Բաղրամյան պողոտան:
-Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:
-Ինչպե՞ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:
-Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:
-Կարծում եմ՝ հրաժարական կտա:
-Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպե՞ս եք կարծում:
-Այո:
-Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրություննե՞ր:
-Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:
-Իսկ մինչ այս, քանի որ իշխանությունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:
-Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:
-Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովրդի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդամենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթոռակռիվ են անում:
-Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն անհամատեղելի է, որովհետեւ այն ժողովուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:
-Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք:
-Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերություններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսները զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:
-Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պատերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Քանի որ նման ինֆորմացիայի խորապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքագետները, վերլուծություններ կարող են անել նրանք:
-Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու:
-Այո:
-Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ եւ փրկել մեր երկիրը:
-Շարժումն ունի իր թեկնածուն. Վագգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժարական տալու դեպքում, բնականաբար, մեկ տարի նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը, որից հետո կերեւա:
-Ո՞ւմ եք պատկերացնում, որ հիմնական կառավարիչ լինի եւ ղեկավարի երկիրը:
-Կգան, կերեւա: Հրաժարականից հետո կերեւա:
-Կցանկանա՞ք, որ Սերժ Սարգսյանը վերադառնա եւ լինի վարչապետի պաշտոնում:
-Իհարկե կուզեմ, քանի որ Սերժ Սարգսյանի ժամանակ իսկապես եղել են լուրջ ձեռքբերումներ, եւ, միեւնույն ժամանակ, ինձ համար ամենակարեւորը՝ երկիրը եղել է խաղաղ, առանց պատերազմի, կայուն, եւ ամեն աշխատանք նորմալ ընթացել է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՌԴ-ԻՆ ԲԱՐԵԿԱՄ ԳՈՐԾԻՉ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել եւ անհեթեթ համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ: Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի հետեւողական կողմնակից է եւ կշարունակի զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Նա մի մարդ է, ով մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, եւ մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,-ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:
Նա հստակեցրել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, ուստի այդ հարաբերություններն, իրոք, եւս շատ արժեքավոր են»,- եզրափակել է Պեսկովը:
ԽՈՍԵԼ Է
«Այս պահին որեւէ հարցով մենք չունենք համաձայնություն, բայց այն, որ պետք է մենք խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Հարցին՝ ինչու համաձայնություն չկայացավ, Մարուքյանը պատասխանել է. «Վարչապետը երկու հարցը իրար հետ չի կապում, մենք երկու հարցը իրար հետ ենք կապում, հիմա ինչու մնացած հարցով չի ստացվում կամ չգիտեմ ինչ, ես կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել։ Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ես շատ եմ մտահոգված Զինված ուժերի ԳՇ ղեկավարության եւ կառավարության միջեւ առկա այս պրոցեսի հետ կապված եւ ես միշտ ասել եմ, որ որեւէ ձեւով մենք չպետք է Զինված ուժերը քաղաքականացնենք, եւ ես ասում էի, որ Զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, ընտրություններից հետո մնացածը կորոշենք։ Այստեղ ընտրությունները ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետեւ եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ»,- ասել է Է. Մարուքյանը:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԴ
Հանրապետության չորս համայնքների գործող եւ նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Դիմումատուներից երեքը ներկայացնում են հանրապետության խոշորացված՝ Դիլիջան, Տաշիր եւ Թումանյան համայնքները, իսկ մեկը՝ Արթիկ համայնքը։ Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։