Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Սակայն նկատենք, որ մինչ օրս Վահագն Թևոսյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել, ստացվում է, որ Վահագն Թևոսյանն այս պահի դրությամբ միևնույն ժամանակ զբաղեցնում է երկու պաշտոն, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին:
ArmLur.am-ը փորձեց անձամբ Վահագն Թևոսյանից ճշտել, թե ինչու մինչ այսօր մանդատը վայր չի դրել եւ երբ է պատրաստվում նրանից հրաժարվել:
«Ես դեռ խորհրդի անդամ չեմ հանդիսանում, պարզապես վարչապետը օրենքի ուժով ստորագրել է մրցութային հանձնաժողովի որոշումը: Իսկ մանդատի վայր դնելու մասին երկուշաբթի օրը կհայտնեմ»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, Տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն, հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից՝ նախագահ և 6 անդամ: Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը` 6 տարով:
Լիդա Եղիազարյան