Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ կամաց-կամաց ուրվագծվում է կոնսենսուսը, այն է՝ երկրում անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հանգամանքը ոչ ոք կասկածի տակ չի դնում այլեւս, սակայն արդեն արտահերթ ընտրությունների կազմակերպման մասով կան տարաձայնություններ. մի մասն ասում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք չպետք է լինեն արտահերթ ընտրություններ, մի մասն էլ դեմ չէ, որ այն կազմակերպվի նրա վարչապետության օրոք:
Եվ հիմա, իշխանություններն իրենց կողմից նոր օրակարգ են առաջադրել՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցը, ամեն ինչ պտտվում է հենց Օնիկ Գասպարյանի շուրջ: Մի մասն ասում է՝ եթե Օնիկ Գասպարյանը հեռանա, պետք է հրաժարական տա նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե վերջինս մնում է, ապա պետք է մնա նաեւ Օնիկ Գասպարյանը: Այս պայմանն են դնում նաեւ բոլոր այն ուժերի ներկայացուցիչները, որոնք քննարկում կամ հանդիպում են ունենում վարչապետի հետ: Իհարկե, կան քչերը, որ պնդում են, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա եւ վերջ։ Ստացվում է՝ անկախ իր կամքից՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց եւ հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման։ Տպավորություն է, թե մոռացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը. քննարկման գլխավոր հարցն է վարչապետի եւ Գասպարյանի հեռացումը։
Օնիկ Գասպարյանը, փաստորեն, իր կամքից անկախ, դարձավ քաղաքական գործոն։
Հավելենք, որ այսօր Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները որոշել են բողոքի ակցիա իրականացնել Պաշտպանության նախարարության դիմաց:
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ: Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։ ArmLur.am-ը գրել էր, որ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, եւ դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: Հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ վախենալով իր մասին բացահայտումներից եւ հնարավոր կալանքից: Հետաքրքիր է, սակայն, որ Անդրանիկ Մակարյանը երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա հույս ունի, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո իրեն կնշանակեն ԳՇ պետ, եւ կկարճվի նաեւ իր մասով քրգործը։
Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետեւած իրադարձությունները բավականին հետաքրքիր են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հայտնել, որ պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը շրջանցման եւ ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՍՍ կենտրոնական բազա չեն մատակարարվել։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած Պաշպանության նախարարությունը, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել: ««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված էր մեր պատասխանում: Այս իրավիճակում դժվար է որեւէ գերատեսչության հավատալ:
Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական շրջանների աշխատակազմերը լարված եւ շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի եւ ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի: Բանն այն է, որ քաղաքապետի որոշումով պետք է հավելյալ ընդունելություն կազմակերպվի, որպեսզի օնլայն հերթագրվածները կարողանան հաճախել մանկապարտեզ: Մեզ հայտնի դարձավ, որ այս խնդրով ծնողներն ամեն օր անհանգստացնում են վարչական շրջանների աշխատակազմերին: Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ավելի քան 12 հազար գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են, թե երբ է հերթը իրենց հասնելու: Պարզվում է՝ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը չի կարողացել լուծել շենքային պայմանների հարցը. չէ՞ որ մանկապարտեզներում հավելյալ տեղեր պետք է ավելացվեն, որպեսզի կորոնավարակի պայմաններում հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը եւ հակահամաճարակային կանոները: Արձանագրենք, որ կառավարությունը կարանտինի պայմաններում նոր պայմաններ է սահմանել դպրոցների, բուհերի համար, բայց մանկապարտեզների մասին մոռացել է: Շատ ծնողներ այս ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ, որտեղ գները սկսում են 70 հազար դրամից, կամ աշխատանքից ազատվել են երեխային պահելու համար: