ԴԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ ArmLur.am-ը զրուցել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Անդրադարձել ենք նաեւ բանակում կատարվող իրադարձություններին, ինչպես նաեւ գլխավոր շտապի պետի հայտարարությանը:

 

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի հայոց բանակը, որպեսզի 44-օրյա պատերազմի հետո կարողանա ուղղել իր մեջքն ու շարունակել նորից լինել մարտական:

-Բանակը պետք է կարողանա իր մեջ գտնել կամային այն բոլոր հատկանիշները, որոնք  պետք է ունենա բանակը շատ դժվար պայմաններում, որովհետեւ բանակը որ վիրավոր է, խոցված է, շարունակում են բանակի նկատմամբ ոտնձգությունները: Այս պայմաններում բանակի համար շատ դժվար է՝ թե՛ արտաքին թշնամի, թե՛ ներքին դժվարությունները, որ բանակի համար առաջացել են: Ամբողջ ազգն ու պետությունը պարտավոր է բանակի թիկունքին կանգնել եւ օգնել, որովհետեւ այս ամբողջ տարիների ընթացքում մենք ասում ենք, որ մեր պետության մեջ  ամենակայացած կառույցը բանակն է: Բանակն իր հետեւից տարել է պետական մյուս ինստիտուտների ձեւավորումն ու կառուցումը: Եթե հիշենք, 99-ական թվականներին այդպես էր: Բանակը կկարողանա ոտքի կանգնել, այլընտրանք մենք ուղղակի չունենք: Եթե կհիշեք, 90-ականներին մենք շատ վատ վիճակում էինք գտնվում, եւ թվում էր, թե ավելի վատ է, քանի հիմա: Հիշում եք Վազգեն Սարգսյանի կոչը. «500 մահապարտներ, եւ ես շուռ կտամ պատերազմը»: Այսինքն՝ հզոր անհատի խնդիր կա: Վազգեն Սարգսյանն այն ժամանակ արեց դա: Մենք էլ կարող ենք անել, մեր սերունդն էլի անելիք ունի, եւ մենք կանենք: Դա պետք է սկսվի բանակի հզորացումից, ոտքի կանգնելուց: Անպայման մենք դա կանենք: Այսօր, իհարկե, գալիս ենք Վագզեն Սարգսյանի շիրիմին, մի տեսակ ամոթխած ու գլխիկոր, որովհետեւ ինքը մեզ թողեց  հզոր հայրենիք, իսկ մեր սերունդը գերեվարված վիճակում Շուշիիում թողեց իր արձանը: Սա մեր ազգի, մեր պետության ամոթն է: Մենք պետք է այդ ամոթը մեր երեսից մաքրենք: Այլընտրանք  չունենք, մենք դա կանենք, ինչքան էլ դժվար լինի:

-Նաեւ այս օրերին շրջանառվում է, որ բանակը դուրս է եկել իշխանության դեմ՝ ի դեմս ԳՇ պետի հայտարարության: Արդյոք սա հեղշրջման փո՞րձ էր բանակի կողմից իշխանությունների դեմ: 

-Բացարձակապես ոչ: Բանակը գործել է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում, եւ Սահմանադրությամբ է տրված նրան, որ ինքը պարտավոր է ապահովել  տարածքային ամբողջությունը: Եթե երկրին, հայրենիքին վտանգ է սպառնում, ապա պարտավոր է վտանգը կանխել:  Ես որեւիցե բանի կոչ չեմ անում, բայց բանակը պարտավոր էր շատ ավելի կոշտ լինել եւ ավելի նախաձեռնող լինել:

-Պե՞տք էր, որ խառնվեր քաղաքականությանը, ինչպես իշխանությունն է պնդում:

-Ոչ, դա իշխանությունն է ասում, ոչ թե քաղաքականությանը խառնվեր, այլ սահմանադրական իր լիազորությունն իրականացներ:

-Իսկ սա հեղաշրջման փո՞րձ էր՝ ըստ Ձեզ: 

-Բացարձակապես ոչ: Հեղաշրջման փորձն այն է լինում, որ չեն հայտարարում, գալիս են, ձերբակալում են, իշխանությունից հեռացնում են եւ նոր  իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը. դա է իշխանության ասածը: Բայց իրենք այդպես չեն ասում, նրանք հայտարարում ենք, որ  երկիրը կորցնում են, մենք էլ Սահմանադրությամբ նրան պաշտպանելու լիազորությունն ունենք: Նրա հայտարարությունն այն է, որ մենք պաշտպանում ենք մեր երկիրը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵՎՈՐ Է

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նախդալյանը պատասխանել է մի քանի հարցերի:

 

-Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»: Ի՞նչ կասեք այս մասին:

-Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» եւ հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

-Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ լուծել է հակամարտությունը եւ կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը, եւ ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման եւ փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի դրույթները, թեեւ այդ նույն բանաձեւերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները:

Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ պատերազմի հետեւանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:

 

 

 

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում հացն ու ալյուրը թանկացել են: Այդ մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեն հացաբուլկեղենի շուկայում այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրել է 0.6 տոկոսի գնաճ: Մեկ տարվա ընթացքում հացը թանկացել է 9 տոկոսով: Ալյուրի գինը եւս բարձրացել է. պաշտոնապես այս շուկայում գնաճը կազմել է 0.6 տոկոս: Ալյուրը մեկ տարվա ընթացքում թանկացել է 13.3 տոկոսով:    Թանկացումից անմասն չի մնացել մսամթերքի շուկան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մսի գինը բարձրացել է 0.4 տոկոսով, իսկ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում արձանագրված թանկացումը կազմել է 0.3 տոկոս: Միայն ձվի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 52.5 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1.4 տոկոսով: Ուշագրավն այն է, որ շաքարավազի շուկայում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 40.6 տոկոսով այն դեպքում, երբ ներկրողներն ավելացել են: Թվում էր, թե ներկրողների թվի ավելացմանը զուգահեռ պետք է մրցակցություն լիներ, եւ շաքարավազի գինը նվազեր, սակայն ինչպես տեսնում եք, շաքարավազը էժանանալու փոխարեն զգալի թանկացել է: Նկատենք, որ գնային թանկացումներ արձանագրվել են նաեւ սուրճի, թեյի եւ կակաոյի շուկայում: Մասնագետների խոսքերով՝ այս ապրանքատեսակների թանկացումը պայմանավորված է դոլարի, եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 

Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ: «Քանի որ քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, ու մի շարք աշխատանքեր մնացել են առկախված, ուստի դրանք ամբողջականացնելու եւ ամփոփելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ», – ասել է Հերիքնազ Տիգրանյանը: Քննիչ հանձնաժողովը դիմել է պետական մարմիններին համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, որի վերաբերյալ զեկույց կազմելու համար անհրաժեշտ է եւս 6 ամիս: Հանձնաժողովն ընդունեց առաջարկը:

 




Լրահոս