2020թ. ընթացքում Տավուշի մարզի տարածքում հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է շուրջ 8,6%-ով:
Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ: Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված եւ քննվող, ինչպես նաեւ դատարանում քննված եւ ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված եւ ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ: 2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ՝ 28 անձի վերբերյալ:
Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաեւ ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի՝ յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաեւ դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության եւ պատասխանատվության մեծացմանը:
2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար: Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետեւանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս: Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց եւ մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ՝ աշխատանքից ազատման տեսքով:
Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում եւ նրանց են հանձնում թափուկ փայտանյութ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն՝ պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու եւ տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում, դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի՝ ընդհուպ աշխատանքից ազատման: 2021թ. եւս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։
Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի եւ Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրեւ «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:
Պաշտպանը նաեւ ներկայացրել է տեղեկություններ՝ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք եւ այլն) մասին: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին կազմակերպված քննարկման համար: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում:
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։
ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն. այս հարցին երեկ անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, եւ նրանք արհեստական ձեւով ձգձգում են գերիների հարցը, եւ սա նույնպես հոգեկան բռնության ձեւ է, տեսե՛ք՝ ինչքան է այս հարցը ազդում հայկական ներքին կարգավիճակի վրա, այս պայմաններում խաղաղ գոյակցություն հնարավոր չէ. նրանք նվաստացնում են մեր արժանապատվությունը ամեն օր»,-ասել է Արման Թաթոյանը: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի՝ հայատյացությունը կարեւոր ցուցիչ է այն մասին՝ խաղաղ գոյակցությունն անհնար է. ադրբեջանական կողմը էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում: «Ադրբեջանում գոյություն ունեն էթնիկ հիմքով եւ դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ հայերի նկատմամբ եւ սպանություններ հենց առաջին հերթին, եւ դա հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հայատյացությունը գեներացվում է բարձրաստիճան քաղաքական ուժերի կողմից՝ նախագահի գլխավորությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրության արձագանքը խիստ կարեւոր է, եւ մենք ինքներս վերջում պետք է մեզ հարց տանք՝ արդյոք մենք խաթարել ենք սահմանում գտնվող մարդկանց կյանքը: «Ես հատուկ հաղորդում եմ պատրաստել, եւ միջազգային կառույցներին պետք է ներկայացնենք` մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն իրականացնելու համար հնչում են սպառնալիքներ եւ արշավ։ Մենք ուսումնասիրել ենք կոնֆլիկտային իրավիճակներ, եւ տարիներով սահմանային հարցերը չեն կարողանում լուծել, քար ու թուփ քննարկվում է, եւ մենք պետք է կարողանանք պատասխանել մի հարցի՝ մենք արդյոք ունեցա՞նք սահմանային կյանքի խաթարում. ո՛չ, չունեցանք»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը նաեւ անդրադարձել է գերիների հարցին՝ նշելով, որ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ապօրինի է, դրանք եռակողմ հայտարարությանը հակասող գործողություններ են: «Մեր գերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար: Միջազգային իրավունքի եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է գերի պահելը՝ ամսաթվով պայմանավորված, քանի որ մենք գործ ունենք ընթացիկ զինված կոնֆլիկտի հետ, եւ այդ կոնֆլիկտը դեռ չի դադարել։ Եթե կա զինված ընթացիկ հակամարտություն, ապա մենք գործ ունենք գերիների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հակասում է եռակողմ հայտարարությանը»,- ասել է Թաթոյանը: