ArmLur.am-ը զրուցել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ պարզելու համար, թե Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին նախագիծն ինչ փուլում է գտնվում:
-Պարոն Թովմասյան, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում, ինչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:
-Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները և անճշտությունները: Նախագծով հատուկ կարգավիճակ է տրվում օրթոֆոտոհատակագծերին, որոնք ստեղծված կամ ընդունված են Կադաստրի կոմիտեի կողմից։ Նախատեսվում է, որ օրթոֆոտոհատակագծերով կատարված ուղղումներով սահմանները համարվելու են մոտավոր սահմաններ, իսկ քարտեզագրման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներով կատարված ուղղումները՝ ճշգրիտ սահմաններ։ Նախագծով հաստատվող կարգով պարզեցվում է քարտեզների ուղղման ընթացքում համասեփականատերերի կողմից տրվող համաձայնությունների ընթացակարգը։ ՀՀ համայնքների կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի սխալների ուղղման գործընթացը կազմակերպվելու է առանց անշարժ գույքի միավորի գծային չափերի, երկրաչափական տեսքի և մակերեսների փոփոխման՝ հնարավորինս համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծով (փաստացի բնության մեջ եղած) պատկերված տեղանքին։
-Արդյո՞ք այս նախագծի մշակումը բխել է 44-օրյա պատերազմի ելքից:
-Ոչ, քանի որ նշված ուղղման կարգի մշակման աշխատանքերը մեկնարկել են դեռևս 2020թ․ հունվար-փետրվար ամիսներին։ Ներկայումս գործող էլեկտրոնային կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների ուղղումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանի պահանջների համաձայն: Նշված հրամանի անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ քարտեզագրական աշխատանքների ժամանակ օգտագործվել են տարբեր ճշտության սարքավորումներ և տարբեր կոորդինատային համակարգեր։ Միևնույն ժամանակ վերոգրյալ հրամանով նախատեսված կարգավորումները չեն բավարարում առաջացած խնդիրների լիարժեք և համապարփակ լուծմանը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելի պարզեցնելու կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը։
Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորներին վերաբերող սխալները կարող են առաջացած լինել՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված սխալ (գծային չափի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի սխալ) քարտեզագրման աշխատանքների արդյունքում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված քարտեզագրման աշխատանքներից հետո նոր առաջացած անշարժ գույքի միավորի չտեղադրման կամ ոչ ճիշտ տեղադիրքով տեղադրության կամ ոչ ճիշտ չափերով տեղադրության կամ պետական գրանցման համար ոչ ճիշտ տվյալներով (գծային չափ, տեղադիրք, մակերես, երկրաչափական տեսք) հատակագծերի ներկայացման արդյունքում:
-Խնդրում եմ մանրամասնեք, արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեն նոր քարտեզ է ներկայացնելու Հայաստանի սահմանների վերաբերյալ, այս նախագիծը ենթադրու՞մ է, որ առաջիկայում այլ պատկեր ենք ունենալու:
-Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման արդյունքում Կադաստրի կոմիտեն կունենա ՀՀ ողջ տարածքի համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, համար ճշգրտված կադաստրային քարտեզներ:
-Քարտեզագրման աշխատանքները վերաբերելո՞ւ են մարզերին, Երևանի՞ն, թե՞ կոնկրետ ինչ-որ համայնքների, եթե հնարավոր է մանրամասնեք, թե դրանք ինչ աշխատանքներ են ենթադրում:
-«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կադաստրային քարտեզների սխալների ուղղման գործընթացը կազմակերպել պիլոտային կարգով այն կիրառելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ համայնքներում: Կիրառության արդյունքում ի հայտ եկած թերությունները թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարել կարգում և կիրառել ՀՀ, ամբողջ տարածքում։
-Ե՞րբ է նախագիծը կյանքի կոչվելու, ու ե՞րբ եք սկսելու աշխատանքներ իրականացնել:
-«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2021 թվականի փետրվարի 19-ի N ՍԹ/1047-2021 գրությամբ ներկայացրել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը գտնվում է քննարկման փուլում, դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի ՀՀ կառավարության նիստի օրակարգ։ Հաստատվելու պարագայում անմիջապես կմեկնարկվեն պիլոտային համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։
Ս.Գ.